Կամ նոր ներկայացում՝ պոեզիայի թատրոնի խաղացանկում
1991թ. «Կոչեմ ապրողաց» ներկայացմամբ Վանաձորի թատրոնների շարքում ավելացավ եւս մեկը՝ պոեզիայի թատրոնը (գեղ. ղեկ.՝ Ջիվան Սարգսյան): Վերջերս Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 70/179 մոտոհրաձգային գումարտակից սկիզբ առավ Ջիվան Սարգսյանի «Լույսի հայրենիքը»:
Այս տարիներին բեմադրվել են «Ես իմ անուշ Հայաստանի» (նվիրված Չարենցի 100-ամյակին. 1997թ.), «Հավերժի ճամփորդ», «Ձոն փառքի», «Լինել» ներկայացումները: Նախապես իմանալով, որ թվարկված ներկայացումներից յուրաքանչյուրը ստեղծման խորհրդանշական պատմություն ունի, պատեհ առիթն օգտագործելով, Ջ. Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ դրանց: Հայրենասիրական շնչով տոգորված ներկայացումների այս շարքը կամբողջացնի պոեզիայի թատրոնի պատմությունը եւ դրա ֆոնին էլ ավելի տեսանելի եւ հասկանալի դարձնելով «Լույսի հայրենիքի» խորհուրդը:
2001թ. հունվարի 1-ին Ջ. Սարգսյանը համախոհների հետ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում «Լինել» ներկայացման մեջ խաղացել է Համլետ:
«Ընկերներս ասում էին, որ ներկայացումը խաղանք հունվարի 2-ին, բայց ես ընդդիմացա՝ հիմնավորելով, որ անհրաժեշտ է դարում առաջին «Լինել» ներկայացումը խաղալ Հայաստանում եւ Վանաձորի բեմում,- ասում է մեր զրուցակիցը ու կարեւորում:- Այդպիսի հնարավորություն կլինի մեկ էլ 3001թ.-ին՝ նոր հազարամյակի նախաշեմին»:
Նշենք, որ 2001-ին «Հավերժի ճամփորդ» ներկայացմամբ նա մեծ ուխտագնացություն կազմակերպեց հանրապետության սահմանամերձ զորամասերով եւ բոլոր կալանավայրերով՝ ամենուր արժանանալով մեծ ընդունելության:
«2011-ին լրանում է Հայաստանի անկախության եւ պոեզիայի թատրոնի 20 ամյակը: «Լույսի հայրենիքը» նվիրված է այդ երկու հոբելյաններին: Հոգիս փառավորվում է՝ տեսնելով մեր ոսկեղենիկ լեզուն ընկալող բազմաթիվ հայ մարդկանց,- ասում է Ջ. Սարգսյանը,- հայրենասիրական պոեզիան մի նոր խլրտում է առաջացնում նրանց զարկերակում: Իմ այս հանդիպումների մեջ ինձ ավելի տեսանելի է դառնում վաղվա երազած հայրենիքը՝ լույսի հայրենիքը»:
Հավելենք, որ «Լույսի հայրենիքի» հաջորդ կանգառը 2010-ի հունվարի 28-ին է՝ նվիրված հայոց ազգային բանակի հիմնադրման 18-ամյակին: