Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների ճարպակալման գենետիկական պատճառը

Դեկտեմբեր 22,2009 00:00

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է փոքր տարիքին հատուկ խիստ ճարպակալման գենետիկական պատճառները: Հետազոտություններն անցկացրել էին ինչպես ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի, այնպես էլ բրիտանական Սենգեր համալսարանի մասնագետները: Հետազոտությանը մասնակցել են ճարպակալման խիստ աստիճանով տառապող 300 երեխա: Գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի գենոմը՝ գտնելու համար մուտացիայի այն տիպերը, որոնք հայտնի են որպես ԴՆԹ-ի տարբեր կրկնօրինակներ: Հիվանդների ԴՆԹ-ն համեմատելով 7000 առողջ մարդկանց ԴՆԹ-ի հետ, գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ բացակայում են գենոմի որոշ մասնիկներ: Մասնավորապես, գիտնականների կարծիքով, ճարպակալման խիստ աստիճանի զարգացմանը նպաստում է 16-րդ քրոմոսոմում առկա SH2B1 գենի բացակայությունը:
Քեմբրիջի համալսարանի մասնագետներից մեկի կարծիքով՝ SH2B1 գենը պատասխանատու է մարդու կշռի կարգավորման եւ արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի համար: Գիտական աշխատանքի հեղինակների կարծիքով, ճարպակալման գենետիկական պատճառների հայտնաբերումը կարող է էական նշանակություն ունենալ այն փոքրաթիվ երեխաների հիվանդության ախտորոշման մեջ, որոնց ճարպակալումը համարվում էր շատակերության հետեւանք: Հետազոտության մեջ ներգրավված երեխաներից ոմանց սոցիալական խումբն ընդգրկել էր ռիսկային խմբի մեջ, քանզի ենթադրվում էր, որ այդ երեխաները չափից ավելի են սնվում՝ ծնողների դրդմամբ: Նոր տվյալների հիման վրա այդ երեխաներին հանել են ռիսկային խմբից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել