Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորները՝ «պասիվ» ծխողներ

Դեկտեմբեր 22,2009 00:00

«Հարգելի՛ ուղեւորներ, «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում, այդ թվում՝ երթուղային տաքսիներում: Պահանջե՛լ վարորդից, որպեսզի նա չծխի եւ չվտանգի Ձեր առողջությունը»: «Երեւանտրանս» ՓԲԸ»-ի այս հայտարարությունը կարող եք կարդալ մայրաքաղաքի բոլոր երթուղային տաքսիներում: Բայց դե, մենք՝ հայերս, միշտ սովոր ենք խախտել բոլոր օրենքներն ու ներկայացվող պահանջները: Եվ այս օրենքը եւս բացառություն չէ: Չենք հասկանում, թե ինչու են իրենց երթուղային տաքսիներում փակցնում այս հայտարարությունը, եթե, միեւնույն է, չպետք է կատարեն նրանում ներկայացվող պահանջները:
Վարորդներն իրենց ծխելն արդարացնում են միայն մի ձեւով, որ ամբողջ օրը նստած են ղեկի մոտ, երթուղային բարձրանում են տարբեր տեսակի, տարիքի, մակարդակի մարդիկ, ամբողջ քաղաքում խցանումներ են եւ այլն, եւ այլն: Իսկ այս ամենին դիմանալու եւ նյարդերը չքայքայելու համար օգնության է հասնում միակ փրկիչը եւ թոքերի «բարեկամը»՝ ծխախոտը:
Խեղճ ուղեւորներ, դե եկեք ու դիմացեք տարբեր «մակնիշի» եւ էժանագին ծխախոտների բուրմունքին, դա էլ բավական չէ՝ դարձեք պասիվ ծխողներ՝ «լավություն» անելով ձեր թոքերին:
Սա էլ բավական չէ, եթե հանկարծ համարձակությունդ ների, եւ թեկուզ մեղմ տոնով խնդրես վարորդին, որ նա հանգցնի ծխախոտը, ապա այդ ժամանակ քեզ ոչ ոք չի նախանձի: Օրվա ողջ զայրույթը վարորդը կթափի քեզ վրա, կգոռա, ինքը կհանգստանա, իսկ դու հակառակը՝ կնյարդայնաս ու կդառնաս վատամարդ: Դե արի ու բացատրի, որ դու մտածում ես թե՛ քո, թե՛ նրա եւ թե’ շրջապատի առողջության մասին: Այստեղ է ասված՝ «լավություն անողի գլուխը ծակ է»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել