Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Մրցանակ՝ լավագույն Կաղանդ պապին

\"\"Գունագեղ զարդարանքով շարժաբեմեր, ռետրո մեքենաներ, երեւանյան ու մարզային պարախմբեր, նվագախումբ, ծաղրածուներ ու ակրոբատներ, վառ հագուստներով դերասաններ ու երաժիշտներ… Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններն արդեն սկսվել են: Արդեն 3-րդ տարին է, որ «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը եւ «Deem communications»-ը, ձմեռային գորշ օրերը գունազարդելու նպատակով, կազմակերպում են «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը, որի շրջանակում անցկացվում է նաեւ ձմեռային շքերթ: Դեկտեմբերի 19-ին մեկնարկած փառատոնի շքերթը՝ Աբովյան, Սայաթ-Նովայի փողոցներով, ձմռանը ոչ բնորոշ անձրեւոտ ու մառախլապատ եղանակին բազմամարդ քայլեց մինչեւ Սիրահարների այգի, որտեղ մի շարք \"\"միջոցառումներ էին նախատեսված. տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, ամանորի տոնավաճառ, տոնական կերակուրների ցուցադրություն-համտես, ձմեռային խաղեր, ցուցահանդես՝ նվիրված Կաղանդ պապի կերպարին եւ այլն: «Կանաչաստանի» կանադահայ տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Երեւանում կան շատ այգիներ, բայց դրանք դատարկ են ու տխուր, որովհետեւ միջոցառումներ չկան: Փառատոնը նախեւառաջ հնարավորություն է տալիս հանրությանը դուրս գալ «մաքուր» օդ շնչելու: Նշեմ նաեւ, որ որոշել ենք հաջորդ տարիներին փառատոնը անցկացնել նաեւ մարզերում»: Ձմեռային փառատոնի PR մասնագետ Մարինա Ղազարյանը վստահեցնում է, որ հայերը չափազանց հետաքրքրված են ամանորի միջոցառումներով: «Մեզանում ձմռանը, չգիտես ինչու, ընդունված չէ զվարճանալ: Փորձում ենք այնպես անել, որ այս եղանակին էլ մարդիկ տաք հագնվեն, դուրս գան փողոց ու լավ ժամանակ անցկացնեն՝ ուրախ ու զվարճալի դարձնելով նախատոնական եւ տոնական օրերը: Սա կարող է խթանել նաեւ ձմեռային զբոսաշրջությունը»,- մեզ հետ զրույցում ասում է Մարինան:
Դեկտեմբերի 18-ից մինչեւ հունվարի 5-ը Սիրահարների այգում մի շարք հ/կ-ներ ու բուհեր ներկայացնելու են թափոններից կամ այլ իրերից պատրաստած ոչ սովորական տոնածառեր: Մրցույթի հաղթողը, որին կընտրի ժյուրին, հայտնի կլինի գալիք տարվա հունվարին:
Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացրած տոնածառը եւս էկո շրջանակներում էր: «Պարտադիր չէ, որ տոնածառը պատրաստված լինի բնական նյութերից, կարելի է ստեղծագործել ու ստանալ գեղեցիկ պատկեր»,- ասում է դպրոցի սան Մաքրուհի Սինանյանը:
Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիան որոշել է մասնակցել փառատոնին, քանի որ, ըստ ասոցիացիայի փոխնախագահ Արմեն Ղալումյանի, այն հնարավորություն կտա նաեւ երիտասարդներին տեղեկացնել իրենց բուհի մասին:
«Անմիաբանությամբ մեծերը փոքրանում են, միաբանությամբ՝ փոքրերը մեծանում» կարգախոսով էր ներկայացել «Երիտասարդություն» հ/կ-ն: Նրանց տոնածառը եռագույն էր, հայկական տարազով աղջկա միջոցով էլ խորհրդանշել էին Սփյուռքը: Կազմակերպության նախագահ Գեւորգ Մկրտչյանի խոսքով. «Մեզ շատ պակասում է միասնականությունը: Ցանկությունը եւ սպասելիքը 2010-ից այն է, որ կարողանանք միասնաբար հաղթահարել խնդիրները»: «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցն էլ, խոսելով մեր ազգի՝ նոր տարին անցկացնելու սովորույթների մասին, նշեց. «Հայերիս բնավորությունն է՝ նստում ենք տանը՝ ո՛չ պար, ո՛չ ուրախություն: Մեր երիտասարդները, արտասահմանում մասնակցելով տարբեր ծրագրերի եւ դրսում տեսնելով հետաքրքիրը, սկսել են դրանք ներմուծել սեփական մշակույթ: Փառատոնը լավ առիթ է ուրախ նախատոնական տրամադրության եւ Ամանորի համար»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունն էլ փառատոնի շրջանակում ներկայացրել էր Ամանորի եւ Սուրբ Ծննդի՝ հիմնականում մոռացված ավանդական կերակուրների ցուցադրություն-համտես եւ Կաղանդ պապի կերպարի մրցույթ-ցուցահանդես: Գաղտիք չէ, որ այսօր հայերի ամանորի սեղանից անպակաս են խոզի բուդն ու տարատեսակ մսային կերակուրները, իսկ հայկական ավանդական նոր տարին պասային է եղել, եւ սեղանին բացակայել են մսային կերակուրները: Նոր տարվա ավանդական կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, ընկույզով եւ մեղրով պատրաստված «Կաղանդ» անուշը, չամչարակը, սիսեռից գնդիկները: «Խոզի բուդը ե՛ւ մահմեդականների, ե՛ւ քրիստոնյաների մոտ արգելված կերակուր է համարվում, բայց, չգիտես ինչու, այն մեզ մոտ տարածվել է, մտել կենցաղ ու լայնորեն շրջանառվում է»,- «Առավոտի» հետ զրույցում ընդգծում է կազմակերպության համակարգող Հասմիկ Կարապետյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ գնդիկներով կերակուրները նաեւ գուշակության իմաստ են ունեցել. գնդիկներից մեկի մեջ դրվում էր դրամ, եւ այն ում բաժին հասնի՝ այդ տարի հաջողություն է սպասվում: Ցուցահանդես-համտեսի այցելուներից շատերի համար ավանդական կերակուրները ե՛ւ համով, ե՛ւ տեսքով նորություն էին:
Ազգագրական աղբյուրներում քիչ են տեղեկությունները Կաղանդ պապի մասին եւ որպես այդպիսին՝ ոչ մի տեղ նշված չէ: Սա էլ, ըստ Հ. Կարապետյանի, ունի իր բացատրությունը. «Բոլոր ազգերի մոտ կա անակնկալ օգնության գաղափարը, իսկ անակնկալ օգնությունը մարմին ու ձեւ չի ունենում, այսինքն՝ անում են այնպես, որ ոչ մեկն այդ մասին չիմանա: Հայ իրականության մեջ Սուրբ Սարգսի տոնի հետ կապված եղել է հիմնականում սեւ հագուստով Մեծ Պապուկը, ով տան մեծն է եղել եւ տնից դուրս գալով՝ մեծերի հետ գինու բաժակ է խփել, փոքրերին նվերներ բաժանել եւ կերպարանափոխված տուն մտել»: Հետաքրքրվեցինք՝ Կաղանդ պապը ինչո՞վ է տարբերվելու Ձմեռ պապից: Հ. Կարապետյանն ասաց. «Ձմեռ պապի ու Սանտա Կլաուսի գործառույթը նվերներ բաժանելն է, նրանք որպես անձ չեն ընկալվում, իսկ մեզ պետք էր, որ ամենազանգվածային տոնը կիրառենք՝ մարդկանց փոխանցելու ամանորի ծիսական խորհուրդը՝ անակնկալ օգնության, մեծերին հարգելու, նախնիներին հիշելու, նոր տարվա առաջին օրվա խորհրդավորության գաղափարը, ըստ որի, ինչպես առաջին օրը սկսես՝ այնպես էլ կշարունակես ողջ տարին եւ այլն: Կարեւորը, որ Կաղանդ պապը ուսուցանի: Այս տարի կերպարի միայն արտաքինն ենք ստեղծում»: Հարցին՝ Կաղանդ պապը մարդկանց շրջանում կունենա՞ այն շրջանառությունը, ինչ, ասենք, Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը: Մեր զրուցակիցը նշեց. «Սիրիայի հայերը մինչեւ հիմա էլ պատկերացնում են, որ Ձմեռ պապն անպայման իջնում է Արարատ լեռից եւ իրենց նվերներ բերում: Սփյուռքի համար կարեւոր է, որ Հայաստանից սպասեն»: Կաղանդ պապի կերպարը վերհանելու համար այգու այցելուները 12 աշխատանքներից կընտրեն իրենց դուր եկած կերպարը եւ քվեարկության արդյունքում մեկ աշխատանքի կտան մրցանակ: Աշխատանքների համադրությամբ էլ կստեղծվի Կաղանդ պապի մոդելը եւ հունվարի 15-ին նոր կերպարը այդ հագուստով կլինի մարդկանց շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել