Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻԿ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ ԳՈՐԾ ՉԷ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Մրցաշրջան-2009-ը հայաստանցի մարզիկների համար կարելի է ավարտված համարել: Տարվա ընթացքում նախատեսված պաշտոնական բոլոր կարեւորագույն մրցումները (աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ), հատկապես՝ օլիմպիական մարզաձեւերի, ավարտվել են: Սակայն այդ ավարտված ասածը խիստ
հարաբերական է: Ավելի ճիշտ, այն իրենց՝ մարզիկներին չի վերաբերում:
Նրանց մարզումային գործընթացը շարունակվում է:

Եթե այս օրերին մարդկանց ուղեղը զբաղված է Ամանորի սեղանները ծանրաբեռնելու խնդիրներով, ազգային հավաքականները, հանրապետության լավագույն մարզիկները այլ հոգսերով են ապրում: Նրանք շարունակում են մարզումները, հենց այսօրվանից նախապատրաստվում եկող տարվա պատասխանատու մեկնարկներին:

Շախմատ
Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը արդեն հունվարի 3-ից Բուրսայում հանդես է գալու աշխարհի թիմային առաջնությունում: Այդ իսկ պատճառով ներկայումս մեր տղաները գրեթե ամբողջական կազմով Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում: Մարզաձեւի ֆեդերացիայից երեկ մեզ տեղեկացրին, որ բացակայում են միայն Լեւոն Արոնյանը եւ մեր հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը: Նրանք թիմին միանալու են Թուրքիայում:

Բռնցքամարտ
Կաշվե ձեռնոցի լավագույն վարպետները, ինչպես ասում են՝ նոր են իջել Ծաղկաձորից: Նրանք հունվարին կորոշեն Հայաստանի չեմպիոններին, այնուհետեւ ապրիլին Երեւանում կմասնակցեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան անդրանիկ միջազգային մրցաշարին, որին մայիս ամսին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը՝ Մոսկվայում:

Ծանրամարտ
Տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները, ընդհանուր առմամբ՝ 25 հոգի, նոր են ավարտել հավաքները Ծաղկաձորում եւ Աբովյանում: Ներկայումս նրանք մարզումները շարունակում են իրենց ակումբներում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ: Հավաքականների մակարդակով՝ ամանորի տոները դեռ նոր ավարտված՝ նրանք կրկին կհավաքվեն ու կնախապատրաստվեն 2010 թվականի իրենց անդրանիկ լուրջ մրցմանը՝ ապրիլի 2-11-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ըմբշամարտ
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մեր երկու ընտրանիները այս պահին Ծաղկաձորում են եւ ընդհանուր ֆիզպատրաստության հավաք են անցկացնում: Նրանք ուսումնամարզական հավաքները կվերսկսեն եկող տարվա սկզբներին:
Մրցաշրջան 2010-ը մեր ըմբիշների համար սկսվելու է հունվարին կազմակերպվելիք հանրապետության առաջնությունով, Թեհրանում մեկնարկող միջազգային մրցումներով, որին հաջորդելու է Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը (փետրվարի 13-14):

Ձյուդո
Հանրապետության առաջատար ձյուդոիստները ներկայումս անհատապես են մարզվում: Ճիշտ է, դա ավելի շատ լարված մրցաշրջանից հետո որոշ չափով ուժերը վերականգնելու, բայց, միեւնույն ժամանակ՝ նաեւ անհրաժեշտ մարզավիճակ պահպանելու նպատակ ունի: Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ հավաքականն առաջին լուրջ ուսումնամարզական հավաքը պլանավորել է հունվարի 10-ից, որի ավարտին իրենց լավագույնս դրսեւորած մարզիկները հունվարի վերջին կմեկնեն Թբիլիսի՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:

Բասկետբոլ
Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմի լեգեոներականները, բացի ամերիկացի Մաուիտա Ռեյդից, դժվար, բայց նաեւ անչափ հաջողված մրցաշրջանից հետո մեկնել են տուն՝ վաստակած հանգիստը վայելելու: Սակայն նրանք պրոֆեսիոնալներ են ու քաջ գիտակցում են, որ արդեն հունվարի 7-ին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում հանդիպելու են Օրենբուրգի «Նադեժդայի» հետ: Բացի դա, նրանք թիմի մարզիչներից եւ ակումբի ղեկավարությունից այս ընթացքի համար կոնկրետ հանձնարարություններ են ստացել: Աղջիկները Երեւան են վերադառնալու հունվարի 3-ին եւ անմիջապես ձեռնամուխ են լինելու մարզումներին:

Ֆուտբոլ
Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստները դեռ դեկտեմբերի 15-17-ը բժշկական հետազոտություն են անցել եւ վաղվանից վերսկսում են մարզումները: «Փյունիկի» առաջին մրցելույթը եկող տարի լինելու է «Համագործակցության գավաթի» մրցաշարում, որին կհաջորդեն ուսումնամարզական հավաքները՝ տեղում, Սոչիում, Դուբայում կամ Կիպրոսում: Թիմի խաղացողներից շատերը երիտասարդական հավաքականի անդամներ են: Նրանք այդ տարիքային խմբի ընտրանու կազմում մարտի 2-ին մրցակցի դաշտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ուժերն են չափելու Իռլանդիայի հավաքականի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել