Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստամբուլի Տեխնիկական համալսարանի Մաչքայի ամֆիթատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի համերգը: Ինչպես գրում է «Մարմարան», համերգը անմոռանալի իրադարձություն է եղել ստամբուլահայերի համար: Երգչուհուն նվագակցել է տաղանդավոր դաշնակահար եւ կազմակերպիչ Շահան Արծրունին: Համերգին մասնակցել է նաեւ Ս. Վարդանանց երգչախումբը՝ խմբավար Ատրուշան Հալաճյանի ղեկավարությամբ: Ծրագրի առաջին մասում երգչուհին կատարել է Կոմիտասի հանրահայտ ու սիրված երգերը, այնուհետեւ Տիգրան Մանսուրյանի «Չորս հայրենները», Բարսեղ Կանաչյանի «Օրորը»: Համերգի երկրորդ մասում հնչել են Արծրունու դաշնամուրային կատարումները՝ Բարխուդարյանի «Նազ պարը», Խաչատրյանի «Տոկատան», Բաբաջանյանի «Էլեգիան»: Հետո բեմ է բարձրացել Ս. Վարդանանց երգչախումբը, կատարել Բարսեղ Կանաչյանի «Նանորը»: Այնուհետեւ երգչախմբին միացել են Հասմիկ Պապյանն ու Շահան Արծրունին եւ դահլիճում հնչել է «Անուշ» օպերայից մի հատված: