Լրահոս
Օրվա լրահոսը

2009-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 22,2009 00:00

\"\"Երեկ «Օգոնյոկ» ամսագիրը հրապարակել է 2009 թվականի 10 կարեւորագույն գիտական հայտնագործությունների իր ցուցակը:
1-ին տեղում է հայտնվել խմբերի երկրաչափական թեորեմը: Այս ընտրության համար առիթ է հանդիսացել 2009թ.-ին Միխայիլ Գրոմովի ստացած Աբելի մրցանակը՝ «երկրաչափության մեջ ունեցած ներդրման համար»: Ճիշտ է, խմբերի երկրաչափական թեորեմը մի քանի տասնամյակների ընթացքում է մշակվել  եւ 2009-ի հետ ուղիղ կապ չունի, բայց քանի որ հեղինակավոր մրցանակակիրը ռուս է (ՌԴ նախկին քաղաքացի), «Օգոնյոկը» որոշել է հենց նրա աշխատանքը գնահատել ամենաբարձրը:
 Վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում, հեղինակների կարծիքով, Լուսնի վրա ջրի հայտնաբերումն է: Հիշեցնենք, որ ամերիկյան տիեզերական LCROSS եւ LRO սարքավորումների օգնությամբ Centaur զոնդի կրիչ հրթիռը 2009թ. հոկտեմբերին մխրճվեց Լուսնի մակերեւույթի վրա գտնվող Cabeus խառնարանը: Այդ հարվածի արդյունքում առաջացած արտանետումների հետազոտությունը ցույց տվեց, որ խառնարանում սառույց կա:
Երրորդ տեղում է արեւային մարտկոցներով սնվող ինքնաթիռը: Խոսքը Solar Impulse ծրագրի մասին է: Այս ինքնաթիռը՝ թեւերի 60 մ բացվածքով, օժտված է ավելի քան 12 հազար արեւային մարտկոցներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան բավարար է, որպեսզի 10 ձիաուժ հզորությամբ 4 շարժիչ աշխատի անգամ օրվա մութ ժամերին:
Սարքավորման ընդհանուր քաշը 1,6 տոննա է: Ճիշտ է, այս ինքնաթիռն առաջին անգամ գետնից պոկվեց եւ ընդամենը 350մ թռավ 2009 թվականին, սակայն նրա մշակումը սկսվել է դեռ 2005 թվականից, իսկ Solar Impulse-ի առաջին լիարժեք թռիչքը կկայանա միայն 2012թ.-ին:
Ցուցակ է մտել նաեւ Մեծ ադրոնային կոլայդերը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտադրության մի սարք, որը, ինչպես պնդում են հեղինակները՝ «թույլ է տալիս 4 մետր հեռավորության վրա հայտնաբերել մարդու շնչառությունն ու սրտի աշխատանքը՝ մեխանիկական տատանումների բնույթով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել