Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ԽԱՌՆ Է

Դեկտեմբեր 22,2009 00:00

Իրանական ընդդիմությունն օգտագործեց անցած հանգստյան օրերին մահացած այաթոլա Հոսեյն Ալի Մոնթազերիի հուղարկավորությունը՝ իշխող ռեժիմի դեմ նոր զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու համար: Ինչպես հաղորդել է The Times-ը՝ սրբազան Կում քաղաքում, որտեղ երեկ կայացել է Մոնթազերիի հուղարկավորությունը, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Դեպքի վայրից երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին հաղորդվում ոստիկանների եւ սգացող ցուցարարների միջեւ բախումների մասին: Այաթոլայի հիշատակը հարգելու եւ գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար Կում եկածների մեջ էին նաեւ ընդդիմության առաջնորդներ Միր-Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին: Նրանք գլխավորեցին ամբոխին, որը վանկարկում էր «Բռնակալ, Մոնթազերիի գործը կշարունակվի» եւ «Մոնթազերին չի մահացել, մահացել է կառավարությունը»:
The Times-ը հաղորդում է նաեւ, որ իշխանություններն ակտիվորեն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքը՝ այաթոլայի հուղարկավորության լուսաբանման հարցում: Թղթակիցներին արգելում են մտնել քաղաք, ինտերնետը շատ վատ է աշխատում, իսկ BBC-ի հաղորդումները խլացվում են:
Ենթադրվում է, որ բողոքի ակցիաները եւ ոստիկանության հետ բախումները կշարունակվեն առաջիկա օրերին:
Մոնթազերին իսլամական հեղափոխության տարիներին իմամ Խոմեյնիի դաշնակիցն էր, սակայն ավելի ուշ նա անցավ ընդդիմության շարքերը՝ հանդես գալով Արեւմուտքի հետ ավելի բաց քաղաքականության կողմ: 1997-ին Մոնթազերին դատապարտվեց 5 տարվա տնային կալանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել