Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեղադրել է վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին՝ սեփական նախընտրական քարոզարշավի համար պետգանձարանից գումարներ օգտագործելու մեջ:
Նախագահն ասել է, որ ինքն արդեն հանձնարարել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյին հետաքննել այս գործը: Նա հայտարարել է, որ կառավարական եւ տեղական բյուջեների միջոցները պետգանձարանում կազմում են 1,8 մլրդ գրիվեն, որոնց թվում՝ տեղական բյուջեների միջոցները՝ 8 մլրդ: Այս՝ թվաբանորեն անհասկանալի պատկերը նախագահը բացատրել է. «Ես կպարզաբանեմ, թե ինչպես կարելի է կարդալ այս տվյալները. կառավարությունը գողացել է տեղական ինքնակառավարման միջոցները: 8 եւ 1,8 մլրդ գրիվենի միջեւ տարբերությունը, այն է՝ մոտ 6 մլրդ գրիվենը խլվել է տեղական բյուջեների միջոցներից եւ օգտագործվել կառավարության կարիքների ֆինանսավորման վրա»: Ընդ որում, ըստ Ուկրաինայի նախագահի, այդ գումարներն օգտագործվում են Տիմոշենկոյի նախընտրական արշավի վրա. «Յուլյա Վլադիմիրովնան ճամփորդում է երկրով մեկ՝ ինչպես Ձյունանուշը: Այստեղ 50 մլն կորցրեց, այնտեղ՝ բնակարաններ բաժանեց, մեկ այլ տեղ դպրոցի համար չինական ավտոբուսներ բերեց… ահա եւ ողջ 6 մլրդ գրիվեն գումարը»:
Թե ինչ է պատասխանել կառավարությունն այս մեղադրանքներին՝ դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Յուշչենկոն եւ Տիմոշենկոն պայքարում են Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար: Իսկ նախագահական ընտրությունները նախատեսվում են 2010թ. հունվարի 17-ին: