Երեկ Վրաստանի կառավարությունում միանգամից երկու նոր նախարար է հայտնվել: Նշանակվել են պատիժների իրականացման, ինչպես նաեւ՝ սփյուռքի հարցերով նոր նախարարներ:
Պատիժների իրականացման հարցերով նոր նախարար է դարձել տիկին Խաթունա Կալմախելիձեն, որը մինչ այդ աշխատում էր արտաքին գործոց նախարարությունում: Նա երկրի «գլխավոր պատժիչի» պաշտոնում փոխարինել է Դմիտրի Շաշկինին, որը վերջերս դարձավ Վրաստանի կրթության նախարար:
Սփյուռքի հարցերով նախարար է դարձել պարոն Պապունա Դավիթայան (նկարում): Մինչ այս նշանակումը նա Վրաստանի մշակույթի փոխնախարարն էր եւ համակարգում էր սփյուռքի համայնքների հետ աշխատանքը: Դավիթայան իր հերթին փոխարինել է Իուլոն Գագոշիձեին, որին վերջերս ազատեցին աշխատանքից՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված նրա մի անհաջող արտահայտությունից հետո առաջացած սկանդալի արդյունքում: Այդ Գագոշիձեն հայտարարել էր, որ Վրաստանի բնիկ ժողովուրդներ են միայն վրացիներն ու աբխազները, իսկ մնացած էթնիկ խմբերին պատկանողներին նա առաջարկում էր դիտարկել որպես օտար սփյուռքների ներկայացուցիչներ: