Երեկ կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է որոշ բուհերում, ինչպես նաեւ բարձրագույն որակավորման հանձնաժողովում՝ ԲՈՀ-ում, առկա մի շարք խախտումներին: Ինչպես հայտնում է Panorama.am-ը՝ ծառայության ղեկավարը մասնավորապես ասել է. «Մի շարք պետական ու ոչ պետական բուհերում ներբուհական ու միջբուհական փոխադրումները իրականացվել են խախտումներով»: Նա մանրամասնել է, որ կառավարության որոշման համաձայն, առաջին եւ ավարտական կուրսում չի կարելի փոխադրում իրականացնել, իսկ փոխադրման ժամանակ ութ առարկայի տարբերությունը չպետք է գերազանցվի: Այնինչ՝ կառավարության որոշման դրույթները չեն պահպանվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանում, Ռուս-հայկական համալսարանում, Գավառի պետական համալսարանում: «Գրեթե բոլոր բուհերում ութ առարկայի տարբերությունը խախտվել է, այն հասնում է 10, 12-ի, որոշ դեպքերում էլ 16-ի»,- ասաց Հ. Հովսեփյանը, ապա ավելացրեց, որ որոշ դեպքերում այդ քննություններն էլ չեն հանձնել, մի քանի փոխադրում էլ իրականացվել է առանց ԿԳՆ-ի իմացության:
Առավել տխուր իրավիճակ է պարզվել Արմեն Թռչունյանի ղեկավարած Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեությունն ուսումնասիրելու արդյունքում: «Պարզվել է, որ ԲՈՀ-ը 2009-ին կիրառության մեջ է դրել մի իրավական ակտ, որը գրանցված չի եղել արդարադատության նախարարությունում: Այդ իրավական ակտը հակասում է կառավարության որոշմանը, դրանք տարբեր չափանիշներ են ամրագրում, եւ արդյունքում երկակի չափանիշներ են կիրառվել»,- ասել է ծառայության պետը, մանրամասնելով, որ ԲՈՀ-ը՝ իր նախընտրած դիմորդի պարագայում այլ չափանիշներով է առաջնորդվում: Արդյունքում գիտական կոչում ու աստիճան է շնորհվել բազմաթիվ խախտումներով, օրինակ՝ եղել են ատենախոսություններ, որոնց բովանդակությունը չի համապատասխանել թեմային, ատենախոսության ծավալը սահմանվածից քիչ է, տողերի քանակը՝ պակաս: Ծառայության պետն ասաց, որ նույնիսկ մեկ էջում 20 տողի փոխարեն 3 տող է եղել, ու ատենախոսության հեղինակն էլ գիտական աստիճան է ստացել: Ավելին, ծառայության պետը փաստեց, որ ԲՈՀ-ում գրագողություն կատարածին էլ են գիտական աստիճան տվել: Ռուսաստանում մի գիտնականի ատենախոսությունը վերցրել են, փոխել անուն-ազգանունը ու այստեղ՝ Հայաստանում, գիտնական դարձել: