Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկից վերցնելով՝ մյուսին են տալիս

Դեկտեմբեր 22,2009 00:00

5000 դրամը մեկի համար «փող չի», իսկ մյուսի համար՝  «ցավի ոտք կոտրող է»

 Տաթեւ Քառյանը վճարովի համակարգի ուսանող է: Ապագա լեզվաբանը հույս ունի, որ եթե կարողանա քննությունները լավ հանձնել, ապա իր ջանքերն ապարդյուն չեն անցնի. կտեղափոխվի անվճար ուսուցման համակարգ՝ թեթեւացնելով ծնողների բեռը: 18-ամյա ուսանողի ծախսերն ամսեկան 20 հազար դրամից պակաս չեն կազմում: Եվ նա այս առումով համամիտ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ վերջերս հնչեցրած տեսակետի հետ, թե ամսական 5000 դրամը ոչնչով չի թեթեւացնում ուսանողի առօրյա ծախսերը: Տաթեւը նկատի ունի, որ ուսանողի ծախսերն այնքան շատ են, որ 5000 դրամը նկատելիորեն չի փոխի իրավիճակը: «Մեր հասարակության մեջ ավելի մեծ խնդիրներ կան, քան կրթաթոշակ չստանալը, եթե վճարովի համակարգում սովորող կարիքավոր ուսանողների վարձավճարների մարմանն է ուղղված, թող տրամադրեն»,- ասում է ապագա լեզվաբանը:
Վճարովի համակարգում սովորող ուսանողների կարծիքը չեն կիսում անվճար համակարգում սովորողները:
Արփինե Ամիրաղյանն ուսման համար չի վճարում: Բուհ ընդունվելիս գիտեր, որ եթե անվճար համակարգ ընդունվի, կրթաթոշակ կստանա եւ ամենօրյա ծախսերի համար ծնողներից փող չի խնդրի: Անվճար համակարգում սովորող ուսանողներին կրթաթոշակից զրկելու գաղափարին նա դեմ է: «Բոլորի համար էլ կարեւոր է այդ գումարը ստանալը, թեեւ փոքր գումար է, բայց ինձ բավականացնում է իմ ուսանողական առօրյա ծախսերը հոգալու համար»,- ասում է նա:
Ավելին, Արփինեն ամեն անգամ տարբեր նպատակներով է այն ծախսում: Նոյեմբերյանից նա Վանաձոր է տեղափոխվել՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Վանաձորում վարձով է բնակվում, եւ նախորդ ամսվա ստացած կրթաթոշակով էլեկտրաէներգիայի վճարն է մարել: Ինչպես ինքն է ասում, թեեւ փոքր գումար է, բայց մի ցավի ոտք կոտրում է:
«Ուսանողին ոչ թե 5, այլ նվազագույնը 25 հազար դրամ կրթաթոշակ պիտի տրվի»,- իր կարծիքն է հայտնում Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Հանրապետական կուսակցության անդամ Էդիկ Հովսեփյանը եւ ավելացնում, որ դա հետագայում լուծվելիք խնդիր է: Այժմյան խնդիրների մասին պաշտոնյան ունի իր ուրույն կարծիքը. «Ուսման վարձի չվճարման պատճառով ուսանողին կորցնելը պետության համար, իրոք, մեծ վնաս է: Եթե 5000 դրամները ինչ-որ դեր կխաղան, որ մի քանի կարիքավորի խնդիրը լուծվի, նրանց բեռը թեթեւանա, ապա դա լավ գաղափար է: Չպետք է միանգամից քարկոծել այդ գաղափարը, նրա մեջ պետք է խորանալ»:
Ստացվում է, որ եթե այս գաղափարը միս ու արյուն ստանա, 2012-2013 թթ. ՀՀ-ում անվճար համակարգում սովորող ուսանող չի լինի, փոխարենը՝ այն ծնողները, ովքեր վճարունակ չեն, կկարողանան անտոկոս վարկ վերցնել:
Նազելի Հակոբյանը եւս սովորում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Նա էլ ապագա լեզվաբան է: Նազելին ընդունում է, որ պետությունը վճարովի համակարգում սովորող կարիքավոր ուսանողներին պիտի ձեռք մեկնի, սակայն վստահ չէ, որ բոլոր կարիքավորները կկարողանան օգտվել ուսման վարկավորումից. «Հնարավոր է, որ գումարը հասնի նրանց, ում իրոք անհրաժեշտ է, բայց վստահ չեմ, որ բոլորին կհասնի»:
Իսկ Վանաձորում վարձով բնակվող ուսանող Արփինեն շատ ուրախ կլինի, եթե կրթաթոշակը չկտրեն: «Եթե այդ գումարը չտան, կզգամ դրա կարիքը, որովհետեւ այն նախատեսված ծախսերի համար է»,- բացատրում է նա: Արփինեի հետ համամիտ է Մելինե Չատինյանը. «Ճիշտ է, փոքր գումար է, բայց անհրաժեշտ է, բավականին  թեթեւացնում է ծնողներիս հոգսը»:
Ամեն դեպքում, եթե այս ամենն իրականություն էլ դառնա, ինչպե՞ս են գործազուրկ ու անապահով ծնողները մարելու ուսման համար վերցված վարկը, եթե ուսանողը բուհն ավարտելուց հետո դժվարությամբ է աշխատանք գտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել