Մի՞թե այդպես է պետք բյուջեի միջոցները խնայել
10.07.2009-ին բազում քննարկումներից հետո վերջապես ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որը շատ մասնագետներ համարում էին բավականին հաջողված: Սակայն արդեն 4 ամիս անց պարզ դարձավ, որ հաջողված օրենքներ ունենալը մեր շատ պաշտոնյաների ձեռնտու չէ. ԱԺ-ում որոշեցին նորաթուխ օրենքը «համապատասխանեցնել» հայաստանյան պայմաններին, այսինքն՝ օրենքը, ինչպես հարմար է, ենթարկել փոփոխությունների: Փոփոխությունների ենթարկվեցին այն կետերը, որոնք ներկայիս ԿԳ նախարար եւ օրենքի ընդունման ժամանակահատվածում ԱԺ-ում կրթությանը վերաբերող հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի լուրջ ջանքերով էին ընդունվել: Օրինակ՝ օրենքից հանվեց այն կետը, ըստ որի՝ նոր դասագրքերը պետք է դպրոցներում մեկ տարի փորձաքննություն անցնեին: Այս փոփոխությունը պատճառաբանվեց այնքան էլ խելքին մոտ չթվացող հանգամանքով. դասագրքերի մեկամյա փորձաքննության անցկացման դադարեցման շնորհիվ հնարավոր կլինի խնայել բյուջեի միջոցները: Սակայն այս հարցն իրականում այլ ենթատեքստ ունի: Փորձաքննությունը եւ դրա արդյունքում այս կամ այն դասագրքի՝ դպրոց մուտք չերաշխավորելը ուղղակիորեն կհարվածեր հրատարակիչների շահերին, որոնց բերած միջոցներից հաստատ եկամուտներ կունենան խնդրում ներգրավված կողմերը, օրինակ՝ Կրթության ազգային ինստիտուտը, որը վերջերս լայն հանրությանը հայտնի դարձավ ԿԳ նախարարին նվիրած մեքենայով: «Բյուջեի միջոցների խնայողություն» անվան տակ պատգամավորների թեթեւ ձեռքով օրենքի այս կետը սրբագրվեց:
«Առավոտը» այս կապակցությամբ փորձեց մեկնաբանություններ ստանալ կրթական գործընթացում ներգրավված տարբեր կողմերից: Օրինակ՝ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը դասագրքերի փորձաքննության մասին կետի հանման առիթով նշեց հետեւյալը. «Իհարկե, փորձաքննությունն անհրաժեշտ հանգամանք է, սակայն ես հաստատ չեմ կարող այժմ մեկնաբանել այդ քայլը, քանի որ դա պետական քաղաքականություն է: Մյուս կողմից էլ՝ ես դեռ այդ փոփոխություններին հրապարակված վիճակում ծանոթ չեմ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ զրույցում էլ նրան հիշեցրինք, թե ժամանակին ինքն էր պայքարում հնարավորինս հաջողված օրենք ունենալու համար, այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ տեղի տվեց: Նախարարը պատասխանեց. «Ես ԱԺ-ում էլ ասացի, որ այն ժամանակ դա իմ պնդումն է եղել՝ որպես հանձնաժողովի նախագահ, բայց որպես նախարար ես բացահայտեցի, որ դասագրքերի որակի հետ կապված խնդիրները շատ ավելի բազմազան են, եւ այդ մեկ տարվա փորձաքննությունը ոչ միայն ֆինանսական առումով հնարավոր չէ, այլեւ իրականում չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները»: Հետաքրքրվեցինք՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ են դասագրքերի փորձաքննության հարցը կապում բյուջեի միջոցների խնայման հետ: Մի՞թե դա այդքան ծախսատար գործ է: Ա. Աշոտյանը հակադարձեց. «Մեկ տարով դասագիրք տպել եւ բաժանել դպրոցներին՝ նշանակում է կտրուկ բարձրացնել դասագրքերի ինքնարժեքը, քանի որ չգիտես, թե այդ դասագիրքը քանի տարի է աշխատելու դպրոցում: Օրինակ՝ միայն գալիք տարվա համար փորձաքննության համար դասագիրք տպելու համար մեզ անհրաժեշտ կլիներ 1 միլիարդ 800 միլիոն հավելյալ դրամ: Պատկերացնում եք, որ այդ դասագրքերը տպեինք, եւ պարզվեր, որ կեսից ավելին պիտանի չէ դպրոցում աշխատելու համար: Այսինքն՝ դա նշանակում է այս սուր ճգնաժամային պայմաններում հայթայթած միջոցներից ոչ նպատակային գումար ծախսել»:
Մեր այն դիտարկումներին, թե գումար խնայելու անվան տակ մի՞թե չեն ստորադասում դասագրքերի որակը, որով երիտասարդ սերունդ է դաստիարակվում, մի՞թե հենց այս հարցում պիտի գումար խնայվեր, նախարարը պատասխանեց. «Փորձել ենք վարչարարությունը բարելավել. երկու տարբեր հանձնաժողովներ ենք ստեղծել՝ մանկավարժական եւ դասախոսական, հանել ենք հանձնաժողովի նախագահ հասկացությունը, այսինքն՝ մինչեւ գիրքը 100%-ով պատրաստ չլինի, վճարում չենք նշանակելու: Եվ, ի վերջո, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն, որ եթե մեկ-երկու առարկայից նորմալ գիրք չլինի, մրցույթը տապալվի, թող ոչ մի հաղթող չլինի, թող նախադեպ ստեղծվի, հակառակ դեպքում՝ մենք կանգնելու ենք միշտ այս երկընտրանքի առջեւ՝ ունենալ վատ գիրք կամ չունենալ գիրք ընդհանրապես»: ԿԳ նախարարին հարցրինք, թե ի՞նչ գրավական, որ ամիսներ հետո այս խոսքերն իրագործելու հարցում էլ տեղի չի տա, ինչպես եղավ օրենքից կետեր հանելու պարագայում: Պարոն Աշոտյանը պատասխանեց. «Սրանք ասված խոսքեր չեն, այլ համապատասխան հրամանի տեսք ստացած մոտեցումներ, որոնք ամրագրվելու են գալիք տարվա մրցույթներում՝ որպես գերակայություն: Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքի քննարկումներին, ապա ես ժամանակին ԱԺ որոշ պատգամավորների եւ քաղաքական գործիչների մեղադրեցի չափից ավելի պոպուլիզմի մեջ, եւ հավատացնում եմ, որ իրականում նախարարությունից ավելի շահագրգիռ կողմ, որ այս խնդիրները շատ արագ ու լավ լուծվեն՝ չի կարող լինել: Բայց կան տեսակետներ, որոնց հարում ես, երբ ինքդ չես կրում հարցի լուծման պատասխանատվությունը եւ երբ կրում ես այդ պատասխանատվությունը, իրականում ստիպված ես համակերպվել իրականությունից բխող երեւույթների դեմ պայքարելու միջոցների հետ»:
«Առավոտը» դասագրքերի փորձաքննության մասին կետի հանման հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ նաեւ որոշ դպրոցների տնօրեններից: Ս. Կապուտիկյանի անվան դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանն ասաց. «Եթե փորձաքննության կետը հանվի այն պայմանով, որ երկու հանձնաժողով աշխատի, դա կլինի ճիշտ, իսկ եթե առանց այդ երկու հանձնաժողովների աշխատելու հանվի, սխալ կլինի»: Նշենք նաեւ, որ «Առավոտի» հետ զրուցած շատ դպրոցի տնօրեններ ընդհանրապես տեղյակ էլ չէին, որ այդ կետը հանվել է: