Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Բոլոր նրանց, ում համար թանկ է ազգային արժանապատվության եւ երախտագիտության զգացումը, ով կողմնակից է կառուցելու միայն իրավունքի եւ բարոյականության ուժով գործող պետություն

\"\"

Այդ երանելի նպատակի ուղեցույցները, անտարակույս, նախ եւ առաջ մեր մեծերն են, ում պետք է հիշենք ամեն օր, հավատարիմ լինենք նրանց պատգամներին, ըստ արժանվույն գնահատենք նրանց ժառանգությունն ու հիշատակը, բայց՝ ոչ միայն խոսքով…
Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ մեր անպատասխանատվության հետեւանքով ժամանակի ամենակուլ մոռացությանն ենք հանձնում մեր մեծերին կամ այլոց տնօրինությանը թողնում նրանց անունը, նրանց ստեղծած դարակազմիկ արժեքները:
Աշխարհի մեծ օրենսգետների շարքում Մխիթար Գոշի անունը ժամանակակիցներն ու հետագա սերունդները նշել են մեծ հարգանքով ու խոր ակնածանքով: Պատմության անփոփոխ գնահատականն է դա, որ հաստատվել է ամեն անգամ, երբ սերնդեսերունդ արժեքների վերաարժեւորում է կատարվել:
Մխիթար Գոշի հոգեւոր ժառանգության մեջ հիմնականում առանձնանում են երկու գործ, որոնք դարի համար դարձել են կոթողներ: Դրանք առակներն են եւ Հայոց «Դատաստանագիրքը»: Վերջինիս միջոցով նա փորձել է օգնել իր ազգակիցներին, որ իրավական բնույթի հարցերը լուծելու համար նրանք չդիմեն այլազգիների (ասել է թե՝ մահմեդական) դատարաններին:
«Դատաստանագրքում» նա սահմանել է պետության պետաիրավական հիմունքներն ու դրանց կիրառման կառուցակարգերը, ժողովրդին տվել քաղաքական ամենօրյա իրավական ճանապարհով պայքարի մի ազդու զենք, որի նպատակը միայն իրավունքի ուժով ապրող պետությունն է:
«Դատաստանագրքի» գլխավոր խնդիրներից մեկն էլ դարի հրամայական պահանջը բավարարելու խնդիրն է, այն է՝ ազգային գաղափարախոսությամբ սատար կանգնել ժողովրդի ազատագրական պայքարին, իրավական հող նախապատրաստել պետականության վերականգնման համար:
«Դատաստանագիրքը» զգալիորեն նպաստել է այն նպատակների իրագործմանը, որոնց համար ստեղծվել էր: Սա հաստատվում է թեկուզ այն փաստով, որ իր ստեղծումից հետո այն շուտով կյանք է մտել եւ գործադրվել Հայաստանի դատական ատյաններում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը:
«Դատաստանագիրքը» գործել է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Հնդկաստանում եւ այլուր: «Դատաստանագրքի» մի շարք նորմեր, մասնավորապես՝ ժառանգման իրավունքի մասով, շարունակում են գործել նաեւ մեր օրերում, օրինակ՝ Սուդանում, Իրանում եւ այլն:
Ստեղծելով «Դատաստանագիրքը»՝ Մխիթար Գոշը դարձել է ազգային ինքնագիտակցության եւ արդարադատության դրոշակակիր, ազգային անկախ պետականությունը վերականգնող Զաքարյան իշխանների գաղափարական խորհրդատուն:
Մխիթար Գոշի անվանակիր համալսարանը միջնադարի հայ Մեծ օրենսգետի ժառանգության, նրա նկատմամբ իր երախտիքն է արտահայտում տարիներ շարունակ. յուրաքանչյուր սեպտեմբերին Գոշավանքում անցկացնում են գիտաժողովներ՝ նվիրված Մխիթար Գոշի իրավական, սոցիալ-տնտեսական հայացքներին, համալսարանի իրավագիտության առաջին կուրսեցիները ուսանողական երդվում են Մխիթար Գոշի գերեզմանի մոտ, ստանում ուսանողական տոմսեր, համալսարանի շրջանավարտներին այստեղ հանձնվում են դիպլոմները: Համալսարանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից պահպանվող, բայց փաստացի անպաշտպան ու անխնամ վիճակում հայտնված այդ (եւ, ցավոք, ոչ միայն) պատմական հուշարձանի ճակատագրի կապակցությամբ:
Այսօր տիեզերական հայորդու գերեզմանը, դրա շրջակայքը, ճանապարհը գտնվում են մեր ժողովրդի համար անպատվաբեր վիճակում՝ քարուքանդ, անբարեկարգ, անշուք՝ անհարիր մեր հայ մեծին, հայոց օրենսգետին…
Անմխիթար վիճակում է նաեւ Գոշավանքին կից կառուցված նրա թանգարանը՝ փայտյա փոքրիկ խրճիթում:
ՀՀ անկախության 18-ամյակի առիթով 2009թ. սեպտեմբերի 21-ին Գոշավանք պատմամշակութային համալիր այցելության ընթացքում, նկատելով Մխիթար Գոշի դամբարանի անմխիթար վիճակը, Հայ իրավաբանների խորհուրդը՝ խորհրդի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որոշել է ստեղծել հիմնադրամ՝ պատմական այդ հուշարձան-դամբարանը մեկ տարվա ընթացքում վերանորոգելու համար: Համալսարանը պատրաստակամ է գործնական աջակցություն ցուցաբերել Մխիթար Գոշի դամբարանի եւ Գոշավանքի տարածքի բարեկարգման ու կանաչապատման, նրա անունը կրող թանգարանի վերակառուցման ու հարստացման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ կոչ է անում բոլոր նրանց, ում համար թանկ է մեր ազգային իրավական հպարտության խորհրդանիշ Մխիթար Գոշի հիշատակը, աջակցել Հայ իրավաբանների խորհրդի ստեղծած հիմնադրամի աշխատանքներին եւ Մխիթար Գոշի դամբարանը դարձնել հայ իրավաբանների, հայ մտավորականների ուխտավայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել