Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՐԴ՝ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Հարավ-արեւմտյան Ա2 թաղամասում է գտնվում թիվ 162 դպրոցը, որի առաջին զանգը հնչեց 1973 թվականին: 1993 թվականին դպրոցը 20-ամյակի առթիվ անվանվեց մեծ հայրենասեր եւ տաղանդավոր բանաստեղծ Ատոմ Յարճանյանի՝ Սիամանթոյի անունով: Տարիներ շարունակ հպարտությամբ էր կրում դպրոցը Սիամանթոյի անունը, նրա ապրած կյանքի օրինակով սեր ու հպարտություն էր ներարկում իր սաներին հայրենիքի հանդեպ: Անվանակոչման առաջին իսկ տարին դպրոցը Երեւանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպեց սիամանթոյական շաբաթ, որին մասնակցեցին տարբեր դպրոցների աշակերտներ (ասմունքի, շարադրության, նկարչական մրցույթներ, գրական ընթերցումներ, բեմադրություններ եւ այլն): Հետագայում շաբաթը դարձավ ավանդական, եւ սիամանթոյականները իրենց հյուրընկալ դպրոցում ընդունում էին երկրի մշակույթի վաստակավոր գործիչներին:
Դպրոցն այդ տարիներին դարձավ ոչ միայն կրթության փայլուն օջախ, այլեւ մշակույթի տուն թաղամասի համար: Բեմադրվեցին Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը», Լեւոն Շանթի «Հին աստվածները», Պուշկինի «Եվգենի Օնեգինը», Ն. Դումբաձեի պիեսները, Թումանյանի «Անուշ» պոեմը, որով դպրոցը մասնակցեց համահայկական «Նռան հատիկ» մրցույթին: Դպրոցը ապրում էր լիարժեք կյանքով՝ դարձած իր ուսուցիչների եւ սաների համար տաք ու ջերմ սիրելի տուն:
Դպրոցը ղեկավարում էր իսկական մանկավարժ, դպրոցավարության վարպետ, իր աշխատասիրությամբ բոլորին վարակող, Հայաստանի 2005թ.-ի «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված Սիլվա Վահանի Հակոբյանը: 2008-ին տնօրենին ուղարկեցին թոշակի՝ հաշվի չառնելով ոչ վաստակը, ոչ վարպետությունը: Փոխարենը եկավ երիտասարդ Ա. Ստեփանյանը՝ թիվ 83 դպրոցի նախկին կազմակերպիչը: Առաջին ծանոթության ժամանակ հայտարարեց. «Ես եմ այստեղ տնօրենը, եւ պիտի լինի այնպես, ինչպես ես եմ ուզում եւ ասում»: Եվ բոլորը դարձան այդ «ես»-ի ստրուկները: Դպրոցը, որ նախկինում աշխատում էր օրուգիշեր, որի դահլիճում ելույթ ունենալու համար դասարանն ու ուսուցիչները հերթ էին կանգնում, լռեց: Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթները մոռացվեցին: Նորանշանակ տնօրենի համար դպրոցը «գեղի» դպրոց էր, իսկ այնտեղ աշխատող ուսուցիչները՝ «անշուք գեղցիներ»: Դիտողությունների, խիստ նկատողությունների տարափ տեղաց ուսուցիչների գլխին: Սկսվեց նոր տնօրենի ինքնահաստատման գործընթացը: Կոլեկտիվում հաստատվեց վախի, անտարբերության, անգամ դավաճանության մթնոլորտ: Նոր տնօրեն, նոր գործեր: Այգում խնամքով աճեցված արծաթափայլ եղեւնիները հանվեցին եւ տեղափոխվեցին նոր միջավայր: Դպրոցի հերոս ազատամարտիկ-սաների նկարները եւ հերոսաքարը տեղափոխվեցին ռազմագիտության կաբինետ: Տղաները ազատամարտի ժամանակ ազատագրել էին մի գյուղ եւ բերել էին այդ գյուղի զանգը: Զանգի վրա մնացել էին կրակոցների հետքերը: Զանգը ներկված էր յուղաներկով: Երբ մաքրեցին յուղաներկը, պարզվեց, որ այն 19-րդ դարի հայկական զանգ էր, եւ անունը դրեցին «Վիրավոր զանգ»: Այս զանգի ղողանջներով էր սկսվում դպրոցի առաջին եւ վերջին զանգը: Տարվա լավագույն աշակերտներին էր տրվում զանգը հնչեցնելու իրավունքը: Ծաղկեպսակ էր դրվում դպրոցի ամենապատվավոր տեղը դարձած հավերժության հուշաքարի մոտ: Այստեղ մեր երեխաները Հ. Դինքի սպանության օրը սգո տողանի կանգնած երդվում էին կյանքից առավել հայրենիքը սիրել: Այստեղ էին գալիս տղաների մայրերը եւ սփոփում իրենց վիշտը: Հուշաքարը հանվել է, տեղը դատարկվել, նոր գործ է արվել:
Պաշտոնից գլխապտույտ վիճակում հայտնվեց նոր տնօրենը: Քարտուղարուհու սենյակում հայտնվեց տեսախցիկ: Տնօրենի մոտ մտնելու համար ժամեր առաջ պետք է հերթագրվեիր: Մարդկանց իշխելու «կայֆը» «նորածիլ» տնօրենին դարձրեց անկառավարելի: Խախտվեց դպրոցի ռիթմիկ գործունեությունը: Փոխվեց բարոյական մթնոլորտը: Մեր նախկին տնօրենն ասում էր, որ միայն ազատ, անկախ ուսուցիչը կարող է լավ աշխատել, ճիշտ դաստիարակել: Ստրուկի հոգեբանությամբ մանկավարժը խիստ վտանգավոր է դպրոցի համար: Նորանշանակ տնօրենի սուրը, ինչպես ինքն էր ասում՝ եւ աջ էր կտրում, եւ ձախ: Իր ասելով՝ իր դեմ «խաղ» չկա, իր «թիկունքը» պինդ է: Եվ իրոք, իր դեմ խաղ չունեցող տնօրենը ուստարվա վերջում բոլորին՝ սկսած տեխաշխատողից, տեղեկացրեց, որ արձակուրդից հետո հնարավոր է կրճատվեն: Նոր տնօրենը չմոռացավ հիշեցնել, որ ամռանն ինքը դպրոցում է, եւ ցանկացողները կարող են իրեն տեսնել: Այսինքն՝ «արի ինձ տես, եթե չես ուզում ազատվել»: Անցավ դպրոցի առաջին ամիսը՝ սեպտեմբերը, եւ դպրոցում մոլեգնեց դրամահավաքը: Յուրաքանչյուր աշակերտ 3-10 հազար դրամ պետք է մուծեր դպրոցի հաշվեհամարին: Թոշակային տարիքը լրանալու քողի տակ ազատվեցին Լ. Առուշանյանը, Լ. Գրիգորյանը, Ջ. Ավագյանը, Մ. Նարիմանյանը, երեք երեխաների խնամակալ Ս. Նազինյանը: Անհանդուրժելի մթնոլորտին չդիմացան Ա. Մանուկյանը, Ժ. Շախյանը, Էմիլյա Մկրտիչեւնան, Վ. Ներսիսյանը: Արձակուրդից հետո 25 ուսուցիչ կրճատվեցին: Տնօրենը «բացատրեց», որ 10-րդցիների՝ ավագ դպրոց գնալու պատճառով պակասել են դասաժամերը: Բայց չէ՞ որ 10-ից ավելի ուսուցիչներ դուրս էին եկել դպրոցից ուստարվա ընթացքում՝ իրենց դիմումի համաձայն: Ի՞նչ բացատրություն կարող է լինել այսպիսի կրճատումներին: Եվ սկսվեցին մեր՝ «կրճատվողներիս» տառապանքները: Ուր ասեք՝ չենք դիմել: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը մեզ լսեց քաղաքավարությամբ եւ խոստացավ 2 օրվա ընթացքում լուծել հարցը: Իսկ երկրորդ անգամ երբ փորձեցինք դիմել, տեղակալ Արմինե Վարդանյանը մեզ թույլ չտվեց եւ այնպես դուրս հրավիրեց, որ մինչեւ հիմա մտածում ենք՝ ո՞վ է այդ կինը եւ ինչո՞ւ են այդպիսիներին տալիս նման պատասխանատու պաշտոններ: Մի՞թե մարդն իրավունք չունի աշխատելու սահմանադրական իր իրավունքի համար պայքարելու, սեփական երեխաների հացի խնդիրը լուծելու: Աբսուրդ է պատահական մարդկանց տնօրեն նշանակել, ինչ է թե՝ ինչ-որ մի պաշտոնյայի բարեկամ է: Դպրոցի ղեկին կանգնած մարդը պիտի իմաստուն լինի, թե չէ՝ կործանումն անխուսափելի է:
Ճակատագիր է գուցե. Սիամանթոն դարձավ թուրքի ջարդի զոհը, իսկ նրա անունը կրող դպրոցի 45 ուսուցիչներ դուրս շպրտվեցին մանկավարժական ասպարեզից եւ դարձան ոմն Աննա Ստեփանյանի ջարդի զոհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել