Երեկ Կապանի քաղաքապետարանին հարող զբոսայգում տեղադրվեց հայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին: Արձանի բացման հանդիսության ժամանակ մասնակիցներին ներկայացվեց քաղաքական գործչի կենսագրությունն ու գործունեությունը: Նշվեց կարեւոր կենսագրական մի փաստ, որ իրականում Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյանը) ծնվել է ոչ թե Շուշիում, ինչպես հանրագիտարանում եւ այլ տեղեկատուներում է գրված, այլ` Կապանի Դավիթ-Բեկ (Զեյվա) գյուղում: Ինչպես դավիթբեկցիներն են վկայում, երկու տարեկան հասակում հորը կորցնելուց հետո է միայն տեղափոխվել Արցախ: Մոր երկրորդ ամուսնության գրանցման ժամանակ Սարգիս Հովհաննիսյանը ստացել է հոր՝ Արամ անունը եւ մոր երկրորդ ամուսնու ազգանունը՝ Մանուկյան: 1990 թվականից Դավիթ-Բեկ գյուղի դպրոցը կրում է մեծն սյունեցու՝ Արամ Մանուկյանի անունը:
Կապանի քաղաքապետարանի զբոսայգում նույն պատվանդանին նախկինում մի քանի տասնամյակ Լենինի կիսանդրին էր: Հայաստանի Երրորդ հանրապետությունում մի տեւական ժամանակ պատվանդանը դատարկ էր մնացել: Այս պատվանդանին մի պահ տեղադրվել էր կապանցի ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի կիսանդրին, սակայն վերջերս Կապանի ավագանու որոշմամբ անվանի ջրացատկորդի կիսանդրին տեղադրվեց Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի բակում, մարզադպրոցն էլ կոչվեց մարզիկի անվամբ: Եվ ահա այսօր արդեն Կապանի քաղաքապետարանի մերձակա զբոսայգում, Արամ Մանուկյանի 130-ամյակի կապակցությամբ, կանգնեցվեց ազգային գործչի կիսանդրին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է:
Կիսանդրիների մի քանի անգամ տեղափոխման փաստը կապանցիների զայրույթն էր առաջացրել, իսկ քաղաքի կենտրոնում Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը շատերը դաշնակցականամետ քայլ էին դիտարկում, սակայն Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, ով նույնպես այդ կուսակցության անդամ է, արձանի բացման հանդիսության ժամանակ նշեց, որ դա թյուր կարծիք է, Արամ Մանուկյանը առաջին հերթին հայ ժողովրդի կարկառուն դեմքերից մեկն է, եւ այդ ազգային գործչի անունը միայն դաշնակցության հետ կապելը շատ սխալ է:
Արձանի բացման արարողությունից հետո Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց «Արամ Մանուկյան-130» գիտաժողովը: