Վանաձոր համայնքի ավագանու տարեվերջյան նիստում քննարկվեցին 2010թ. անելիքները՝ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների 2010թ. թվաքանակը, հաստիքացուցակը: Ավագանու անդամների առաջարկը՝ կրճատել գոնե պահակների կամ հավաքարարների թիվը, քաղաքապետարանի ներկայացուցիչները ցավով ընդունեցին, պնդելով, որ յուրաքանչյուր հաստիքի հետեւում մի ընտանիք է կանգնած: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձում էր բացատրել, որ քաղաքապետարանը նոր կառույց չէ, եւ հաստիքներն այնպես են ընտրվել, որ հետագայում փոփոխելու կարիք չզգացվի, ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը հակադարձում էր, թե կարեւորը արդյունավետ աշխատանքն է, ոչ թե մեծ թվով աշխատակազմ ունենալը: Ինչպես տեղեկացանք Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանից, քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումներում աշխատում է 164 մարդ, այդ թվում՝ 3 պահակ եւ 7 հավաքարար: Նույն նիստում ավագանին եւ քաղաքապետը որոշեցին՝ թե քաղաքի կենտրոնում, թե ծայրամասում, թե բնակելի ու ոչ բնակելի տարածքների համար սահմանել միատեսակ գույքահարկ՝ մեկ քմ-ն 100 դրամ: Սույն որոշումը բխում է ՀՀ կառավարության ընդունած որոշումից, ավագանին չէր կարող այլ բան որոշել ու գուցե նաեւ այս պատճառով՝ որոշումը ոչ քաղաքապետի սրտով էր, ոչ էլ ավագանու անդամների մի մասի: Այս տարվա վերջին նիստում Վանաձորի ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց վեց հոգու՝ Վալտեր Թորոսյան, Մարտուն Գրիգորյան, Անատոլի Ավետյան, Վազգեն Բադալյան, Ժորա Հովհաննիսյան, Արտեմ Մանուչարյան: Իսկ քաղաքապետն էլ ասաց, որ վաճառում է իր ծառայողական մեքենան՝ 15 տարվա վաղեմության BMW-ն: Եթե այս մեքենային մի 10 000 ԱՄՆ դոլար տան, քաղաքապետը կգոհանա:
Որքան մեզ հայտնի է՝ Ս. Դարբինյանը սեփական մեքենաներ ունի, սեփական հյուրանոց, այնպես որ՝ ծառայողական մեքենայի վաճառքից հետո չի մնա հասարակական տրանսպորտի հույսին: