Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխահունի կամուրջը բաց է

Դեկտեմբեր 22,2009 00:00

Բայց նրա «երկարակեցության» համար գյուղտեխնիկան առանձին անցում պետք է ունենա

\"\"\"\"

«Առավոտի» նոյեմբերի 5-ի համարում «13 գյուղի մեկ կամուրջը» հրապարակմամբ ներկայացրել էինք Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի կամրջի պատմությունը: 1955-59 թվականներին կառուցված կամուրջը փակ էր եւ նորոգվում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով: Հարակից գյուղերի (Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Փշատավան, Տանձուտ, Այգեշատ եւ այլն) բնակիչները բողոքում էին, թե շինարարությունը ձգձգումներով է առաջ գնում, իսկ ՏԿ նախարարությունը պնդում էր, «այս պահին կամրջի վրա կատարվում են բետոնային աշխատանքներ եւ, ըստ նախատեսված ժամկետի, այն կհանձնվի շահագործման: Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին»: Այսօր դեկտեմբերի 22-ն է, սակայն կամուրջը արդեն բաց է, շահագործվում է, ինչում համոզվեցինք հանգստյան օրերին ՀՀ ՏԿ նախարար Գուրգեն Սարգսյանի հետ Երասխահուն այցելելով:
Նախարարը գոհ էր կամրջի հիմնանորոգումը իրականացրած «Մոնտաժտրանսշին» ընկերության աշխատանքի որակից, ընկերությունը գոհ էր գյուղի բնակիչների վերաբերմունքից, բնակիչները գոհ էին, որ այլեւս նորոգ ու անվտանգ կամուրջ ունեն, սակայն, ըստ Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի, այլ խնդիրներ կան: Ինչպես տեղեկացրել ենք, այս ճանապարհը ու կամուրջը ծառայում են ամենաքիչը 13 գյուղի, իսկ գյուղացին, բացի ավտոմեքենայից, նաեւ տրակտորի կարիք ունի, եւ եթե գյուղատնտեսական աշխատանքների շրջանում թրթուրավոր գյուղտեխնիկան օգտվի կամրջից, մեկ տարի անց կրկին նորոգման կարիք կզգացվի: Ի հավելումն, այս կամրջով են անցնում հարեւան ավազահանքերի բեռնատարները ու մեծապես վնասում այն: «Կամրջի որակը լավն է, բայց այս կամուրջը նախատեսված չէ մշտապես նման ծանրաբեռնվածության տակ աշխատելու համար»,- ասաց Գուրգեն Սարգսյանը: Գյուղապետ Արմեն Ավետիսյանը ՏԿ նախարար Գուրգեն Սարգսյանին առաջարկեց տրակտորների եւ ծանր տեխնիկայի համար նորոգված կամրջից ոչ շատ հեռու առանձին անցում կառուցել: Նախարարը կփորձի օգնել, իսկ գյուղապետն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կփորձի համայնքի 22 միլիոն դրամանոց բյուջեից այս նպատակի համար գումար առանձնացնել:
ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանից տեղեկացանք, որ Հայաստանում կա ավելի քան 4400 կամուրջ, որի 70 տոկոսը նորոգման կարիք ունի: 2009-ին 400 միլիոն դրամով նորոգվել է 6 կամուրջ, 2010-ին էլ մոտ նույնքան գումար է նախատեսված 5-6 կամուրջ նորոգելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել