Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՈՐՍՈՐԴՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ

Դեկտեմբեր 22,2009 00:00

\"\"Այս աշուն գայլերն իրենց «խելոք» են պահում

Սիրողական որսի շրջանը ամիսներ առաջ էր մեկնարկել, բայց Սյունիքում մինչ օրս շատ քիչ թվով որսորդներ են ցանկացել մասնակցել որսաշրջանին: Այդ ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին 12 հոգի են դիմել՝ սիրողական որսի եւ ձկնորսության անդորրագրեր ձեռք բերելու համար: Սիրողական որսաշրջանին մասնակցելու թույլտվությունը արժե 5000 դրամ, որը ձեռք բերողը իրավունք է ստանում մեկնարկից մինչեւ սիրողական որսի փակումը՝ մասնակցել որսին եւ ձնկորսությանը: Ինչպես տեղեկացնում են Սյունիքի տարածքային բաժնից, մինչեւ այսօր միայն թռչունների որսի մասնակցության հայտեր են եղել: Նոյեմբերի 1-ից նապաստակի որսն է թույլատրվում, բայց բաժնում նապաստակի որսով զբաղվել ցանկացողներ չեն գրանցվել: «Սիրողական որսին կարող են մասնակցել միայն Որսորդմիության անդամները, այն էլ մեր տեսչությունից համապատասխան արտոնագիր-թույլտվություն ձեռք բերելուց ու կանոններին ծանոթանալուց հետո միայն, քանի որ սիրողական որսի մեկ օրվա ընթացքում թույլատրվելիք որսը սահմանափակ է: Օրինակ՝ օգոստոսի 22-ից հոկտեմբերի 31-ը լորի որսի ժամանակ օրը 15 հատից ավելի չէր թույլատրվում: Աղավնիների որսը, օգոստոսի 22-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կլինի՝ օրը 3 հատից ոչ ավելի»,- պարզաբանում է Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:
Որսաշրջանի ընթացքում թույլատրվում է նաեւ գայլերի, շնագայլերի, ագռավների եւ մի քանի այլ կենդանիների ու թռչունների որսը, բայց կրկին սահմանափակ քանակի: Ինչպես տեղեկացնում է զրուցակիցս, այս տարի գայլերի դեմ որս չեն կազմակերպել, քանի որ համայնքներից բողոքներ չեն եղել: Բայց նախորդ տարի այս ժամանակահատվածում անտառային այս գիշատիչ կենդանիները շատ ակտիվ էին եւ գյուղական համայնքների բնակչությանը լուրջ անհանգստության տեղիք էին տվել:
Պարոն Պետրոսյանը մի կարեւոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Սյունիքում, բացառությամբ հատուկ պահպանվող տարածքներից, որսահանդակներում որսորդական հրազենով որս կատարելու համար տեսչությանը դիմելը պարտադիր պայման է, քանի որ առանց համապատասխան թույլտվության որս կատարելը տեսչության կողմից կգրանցվի որպես անօրինական, եւ որսի կանոնների խախտման փաստով էլ վարչական պատասխանատվություն կկիրառվի նրանց դեմ»: Թեեւ սիրողական որսի շրջանակներում կանոնների խախտում չի արձանագրվել, բայց փոխարենը 2009թ. 9 ամիսների ընթացքում եղել են ապօրինի որսի եւ որսի կանոնների խախտման դեպքեր: Ապօրինի մեկ որս է եղել Գյոլ-Գյոլ լճի տարածքում եւ բեզոարյան այծի ապօրինի որս (57.5 կգ միս) կատարողի դեմ հարուցվել է քրեական գործ: Վնասը կազմել էր 6 միլիոն դրամ: Գործը հասել էր դատարան, եւ այժմ 4,5 միլիոն դրամն այդ գումարից արդեն վերադարձվել է: Տարվա նույն այս ժամանակահատվածում որսի կանոնների խախտման 2 դեպք է գրանցվել, որի ընթացքում առգրավվել է «կարաբին» տեսակի ոչ որսորդական հրացան, որից հետո կանոնախախտները պատասխանատվության են ենթարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Վերջում պարոն Պետրոսյանը ասաց, որ թեեւ օրինախախտներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու գործում հաջողությունները նկատելի են, բայց որսագողության եւ ապօրինի որսորդության դեմ պայքարը բավական բարդ ու աշխատատար պրոցես է, անելիքներ շատ կան երեւույթի դեմն առնելու ու կանխելու համար: Ուրախացնող փաստը միայն այն է, որ տեսչության կողմից մինչ այսօր կատարված քայլերի շնորհիվ հաջողվել է հասնել նրան, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ կենդանական աշխարհի կանոնների խախտման դեպքերը գնալով նվազում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել