Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ն. Փաշինյանն անդրադարձավ 2 տարի առաջ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երթին: Մեղադրանքներից մեկն այն է, որ նա ոստիկանի նկատմամբ բռնություն է կատարել: Փաշինյանն ասաց, որ բարձրախոսով իրազեկել է հանրությանը հոկտեմբերի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին: Այդ ժամանակ իրեն է մոտեցել փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, ինչը, ըստ մեր գործընկերոջ, նշանակում էր, որ կարմիր բերետավորները մոտակայքում են:
Այդպես էլ եղել է: Բերետավորները ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանի ներկայությամբ հարձակվել էին Փաշինյանի վրա, խլել բարձրախոսը եւ նրան տարել բաժին: Ըստ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների նկատմամբ բռնությունների հիմքը դրվել է հենց այդ օրվանից՝ հոկտեմբերի 23-ից:
Փաշինյանն ուշադրություն հրավիրեց դատակոչված ոստիկանների եւ քաղաքացիների վկայությունների վրա, որոնք ասել էին, թե Կորյուն-Աբովյան խաչմերուկում, դիմացի մայթից են հետեւել իրադարձություններին: Մեր գործընկերոջ դիտարկմամբ, նրանք ակնհայտորեն ստել են, քանի որ այդտեղից հնարավոր չէր տեսնել ամեն ինչ, քանի որ «դիմացի մայթը» խցանված էր մեքենաներով ու մարդկանցով: Չնայած չբացառեց, որ այդ վկաների լսողությունն ու տեսողությունը կարգավորվում է վերադասների կողմից: «Այս երկրում ոստիկան մնալու համար պետք է հանցագործ լինել»,- ասաց նա:
Այսօր Փաշինյանը կշարունակի իր ցուցմունքը՝ կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ: Այդ դրվագով նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել