Խորհրդային տարիների քաղբանտարկյալները երեկ շնորհավորեցին «Ազգային միացյալ կուսակցության» անդամ, զտարյուն քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի ծննդյան 60-ամյակը:
Շնորհավորանքներ եղան ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ուկրաինայի «Մեր հավատը» թերթի գլխավոր խմբագիր, PEN ակումբի նախագահ, Շեւչենկոյի անվան մրցանակի դափնեկիր, նախկին քաղբանտարկյալ Եվգեն Սվերստյուկը Ռազմիկին ուղղված շնորհավորական հեռագրում գրել էր. «Իմ ութ տասնյակ տարիների բարձունքից երեւում է, որ Դուք դեռեւս երիտասարդ եք, որի համար էլ Ձեզ շնորհավորում եմ: Ապրեցեք, խնդացեք, սպասեցեք, հուսացեք…
Ցավոք, գեղեցիկ հայերենով չեմ կարող գրել. գրում եմ, ինչպես ասում էինք՝ համընդհանուր հասկանալի «կանվոյի լեզվով»:
Հիշում եմ մեր հանդիպումը Պերմի մարզի 35 ճամբարում եւ Ձեր առաջին ներկայանալը. «Ես եղել եմ Վասիլ Ստուսի հետ միասին»: Զգացի, որ Ստուսը դեռ իմ ընկերն է, բայց արդեն առաքյալ: Իմ հանդիպումը Ձեր եւ Աշոտ Նավասարդյանի հետ ուրախացրեց ինձ. հանդիպում բացարձակ մարդկային վստահության եւ գլխավորը գիտակցելու հետ: Շնորհակալ եմ Ձեզ, որ պահպանում եք արժանապատվության եւ պատվի ճանապարհին տառապանքի օրերի հիշատակը: Ի դեպ, Հայաստանը Ուկրաինայում ներկայացված է եկեղեցիներով, գրեթե բոլոր մշակութային կենտրոններում վեր են խոյանում հայկական եկեղեցիները:
Բոլոր նրանց անունից, ովքեր այլեւս մեզ հետ չեն, բոլոր ապրողների եւ այն ուկրաինացիների անունից, ովքեր հիշում են, շնորհավորում եմ Ձեզ եւ ցանկանում, որ ապրեք երկար եւ երջանիկ տարիներ, իսկ Ձեր հիասքանչ Հայրենիքին հավերժություն եմ մաղթում Աստծո հովանու ներքո»:
Ռազմիկ Մարկոսյանին բարձր են գնահատել մեր մտավորականները: Անդրեյ Սախարովն իր Նոբելյան մրցանակը ստանալիս ասել է, որ պարտական է նաեւ… Ռազմիկ Մարկոսյանին: Իսկ Հովհաննես Շիրազը Վլադիմիրի բանտից վերադարձած Ռազմիկի աջն է համբուրել…
Դիրիժոր Զավեն Վարդանյանը, կոմպոզիտորներ Մարտուն Իսրայելյանը, Արթուր Շահնազարյանը, Աշոտ Զոհրաբյանը շնորհավորելով Ռազմիկին՝ գրել էին. «Քո բացառիկ գոյությունն իսկ, անհատականությունը, պարզապես զրույցները քեզ հետ հաղորդակից են դարձնում հոգեւորին, բարձր արժեքներին:
60-70-ականների մեր ազգային զարթոնքին քո ակտիվ եւ անդավաճան մասնակցությունը քեզ անազատության մեջ ապրելու եւ տառապելու դժնի տարիներ պարգեւեց:
Անկախության տարիներին ապրածդ կյանքը, որի ականատեսն ենք եղել, հիացրել է մեզ քո մարդկային տեսակով, երկրի, մերձավորների, բարեկամների հանդեպ ունեցած անհանգստություններով ու անմնացորդ նվիրումով, որոնք ցուցադրելու աննշան ցանկություն չես ունեցել»:
Ռ. Մարկոսյանը վերջերս հրավիրվել էր Ուկրաինա՝ մասնակցելու անկախության տոնախմբություններին: Ուշադրության արժանին այն էր, որ նախկին խորհրդային քաղաքական ճամբարներում անկախության համար դատապարտված քաղբանտարկյալները, ովքեր ողջ էին, զբաղեցրել էին բեմահարթակի ամենապատվավոր տեղը: Ուկրաինայի համար խղճի կալանավորները նույնացվում են առաքյալների հետ: Եվ Ռազմիկը նրանց հետ էր՝ իր խցընկերների կողքին:
«Առավոտը» միանում է բոլոր շնորհավորանքներին: