Սպանություն՝ ոստիկանության քթի առաջ
Գյումրու ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանին եւ նույն բաժանմունքի հետաքննող ոստիկան Սիմոն Սարգսյանին «Օդնոկլասնիկի» գործով դատելուց ու նրանց աշխատանքից մեկուսացնելուց հետո՝ այժմ հերթը հասել է մեղավորներին: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Գյումրու «Պրեստիժ» վաճառատան դիմաց, ոստիկանության քթի տակ 4 երիտասարդներ դաժանաբար ծեծի էին ենթարկել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին: Վերջինս ծեծից 11 օր անց մահացել էր: Պատճառն այն էր, որ Տիգրանը, ի պատասխան դասընկերուհի Լիդա Եդիգարյանի սիրային առաջարկի՝ «Օդնոկլասնիկով» գրել էր. «Փախիր, քու…»: Լիդան էլ, հավաքելով ընկերությանը, վրեժ էր լուծել Տիգրանից:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Մանուկյանի նախագահությամբ, լսվեց Տիգրանին ծեծի ենթարկած երիտասարդներից մեկի՝ Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մյուս 3-ը փախուստի մեջ են, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել Քրօրի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածքներ հասցնելու համար, որի հետեւանքով անձը մահացել է: Երեկվա դատավարությունը անցավ անչափ լարված մթնոլորտում. ներկաներից շատերը, նստելու տեղ չլինելու պատճառով, ոտքի վրա էին հետեւում դատաքննությանը: Ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայլոյանը խնդրեց չնկարահանել՝ պատճառաբանելով, որ իր պաշտպանյալը կաշկանդվում է եւ չի կարողանում խոսել: «Էդ մարդ սպանելուց կարողանո՞ւմ էիր»,- լսվեց դահլիճից: Նախագահող դատավորը, գտնելով, որ դատը պետք է լինի հրապարակային, որոշեց թույլ չտալ նկարահանելու միայն ամբաստանյալին: Սրան հաջորդեց փաստաբանի մեկ այլ միջնորդություն, այն է՝ պաշտպանյալին արագացված դատավարության կարգը բացատրելու համար դատը հետաձգել մեկ շաբաթով: Առաջարկը հունից հանեց դատավոր Մանուկյանին, ով հարցրեց, թե մինչ այդ ինչո՞վ էր զբաղված փաստաբանը, ինչո՞ւ չէր բացատրում այդ կարգը եւ մեկ ժամ ժամանակ տվեց իրավաբանական օգնության համար: Մեկ ժամ հետո փաստաբանն իր ուշացումով տապալեց նիստը: Ամբաստանյալի հարազատները զանգում էին փաստաբանին, սակայն նա անհասանելի էր: Դատավորը զայրացած դիմեց ամբաստանյալին. «Հիմա ձե՞զ ենք հարմարվելու, նոյեմբերի 17-ից կալանքի տակ եք: Չե՞ս հանդիպել փաստաբանին, ինչո՞ւ ես վարձել: Ասենք, թե դատը հետաձգեցինք, էս մարդկանց էլ տարանք-բերեցինք, ի՞նչն է փոխվելու»: Այնուհետեւ դատավորը հայտարարեց, որ ճշտելու է փաստաբանի ուշանալու պատճառները եւ եթե պարզի, որ դրանք անհարկի են, անպայման բողոքով կդիմի Փաստաբանների պալատ: Դատը հետաձգվեց, ու փաստաբանն այդ պահին էլ ներկայացավ դատարան: Սպանվածի ու մեղադրյալի հարազատները սկսեցին փոխադարձ անեծքներ, միմյանց «Սեւ Նոր տարի» ցանկացան:
Տիգրան Թադեւոսյանի մայրը՝ Ջավահիր Սերոբյանն «Առավոտին» ասաց. «Սամվելը գլխավոր հերոսն է, նա է կազմակերպել իմ որդու սպանությունը, Լիդա Եդիգարյանը եղել է նրա սիրած աղջիկը: Իսկ մնացած 3-ը, որոնք իբրեւ թե փախուստի մեջ են, իրականում Հայաստանում են: Չէի ասի, թե նրանք թիկունք ունեն, պարզապես փողեր են դեռ թափվում: Ես համոզված եմ, որ ոստիկանները շատ լավ էլ տեսել են, թե ինչ է կատարվում իմ երեխայի հետ, բայց մատը մատներին չտվեցին: Նրանց համաներման տակ գցեցին, բայց ինձ բավարարեց դատարանի այդ վճիռը»: