ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, ստուգում կատարելով «ԱրմենՍելլ» փակ բաժնետիրական ընկերությունում, պարզել է, որ ընկերությունն աշխատանքից անհիմն ազատել է նույն ընկերության աշխատակից Արտակ Ղահրամանյանին: Այդ առիթով տեսչությունը, ընդդեմ «ԱրմենՍելլ» ընկերության, դիմել է վարչական դատարան՝ պահանջելով Ա. Ղահրամանյանին վերականգնել աշխատանքում: Ըստ տեսչության ներկայացրած հիմնավորումների, «ԱրմենՍելլի» տնօրինությունը Ա. Ղահրամանյանին ազատել է այն ժամանակ, երբ նա գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Մինչդեռ, ըստ տեսչության պատասխանատու Վարազդատ Դանիելյանի, Աշխատանքային օրենսգրքով գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։ Բացի այդ, տեսչությունն ընկերությանը ենթարկել է վարչական տույժի, իսկ «ԱրմենՍելլի» տնօրեն Համլետ Հարությունյանին հանձնարարել է խախտումը վերացնել։ «ԱրմենՍելլ» ընկերությունն էլ պատճառաբանելով, որ տեսչության ներկայացրած հիմնավորումները ճիշտ չեն, հակընդդեմ հայցով է դիմել դատարան: Ըստ «ԱրմենՍելլի» ներկայացուցչի, Ա.Ղահրամանյանն ընկերությանը չի հայտնել իր բացակայության մասին եւ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ, հետեւաբար՝ գործատուն Ա. Ղահրամանյանի բացակայելու մասին տեղեկություն չի ունեցել: «ԱրմենՍելլի» ներկայացուցիչը համոզված է, որ գործատուն գործել է իրավաչափ, առաջնորդվելով ՀՀ գործող օրենսդրությամբ: Չնայած տեսչությունը գործատուի գործողությունները որակել է որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտում։
Վարչական դատարանը քննելով գործում եղած նյութերը՝ որոշել է աշխատանքի պետական տեսչության հայցադիմումը մերժել: