Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոզի գրիպի» առաջին դեպքերը՝ Վանաձորում

Դեկտեմբեր 22,2009 00:00

Վանաձորում դեկտեմբերի 10-20-ը «խոզի գրիպի» 2 դեպք է արձանագրվել՝ վարակակիրներն են՝ 5-ամյա երեխա եւ 30-ամյա կին: Լաբորատոր հետազոտությունից հետո նրանց անմիջապես տեղափոխել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:
Ըստ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ,  գլխավոր բժիշկ Կարինե Միրզոյանի, «խոզի գրիպը» նույն ախտանիշներն ունի՝ ինչ սեզոնային գրիպը, «ուղղակի բնակիչներն ավելի ուշադիր պետք է լինեն թե հիգիենային, թե այն տարրական կանոնների նկատմամբ, որ տեսականորեն բոլորը գիտեն, բայց գործնականորեն չեն կիրառում»:
Կարինե Միրզոյանի հավաստմամբ, իրենք լրատվամիջոցներով հայտարարություն են  տարածել, որ մարդիկ հիվանդ լինելու դեպքում աշխատանքի չգնան, սակայն շրջայցերի ժամանակ բազում դեպքեր են արձանագրվում: Տեղեկացանք նաեւ, որ դպրոցների ու մանկապարտեզների փակմանը զուգընթաց՝ սեզոնային գրիպի դեպքերը շուրջ 60 տոկոսով կրճատվել են՝ իսկ մինչ փակելը օրվա ընթացքում 20-30 դեպք էր արձանագրվում: Մեր զրուցակիցը չի բացառում, որ «խոզի գրիպի» դեպքեր, հնարավոր է, էլի արձանագրվեն, եթե բնակիչներն ինքնակամ լաբորատոր ստուգում անցնեն: Այնուամենայնիվ, ըստ մարզի գլխավոր համաճարակաբանի, խուճապի մատնվել պետք չէ, ուղղակի պետք է հիշել, որ  սուր շնչառական հիվանդությունների բարդացումը միշտ էլ վտանգավոր է առողջության համար:
Նշենք նաեւ, որ, ըստ առողջապահության նախարարության, երեկվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում «խոզի գրիպով» հիվանդների թիվը ավելացել է եւս 3-ով, այսինքն՝ A գրիպով հիվանդների թիվն արդեն հասել է 104-ի: Նոր մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել