Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը գոհ է ընթացիկ տարում իր գերատեսչության իրականացրած ծրագրերից:
Չնայած տնտեսական ճգնաժամին՝ տրանսպորտի եւ կապի ոլորտում 2009-ին նախանշված գրեթե բոլոր ծրագրերն իրականացվել են: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարվա գործունեությունն ամփոփելով՝ հավաստիացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը. «Կան, իհարկե, մի շարք ճանապարհահատվածների վերանորոգման ծրագրեր, որոնք տեղափոխվել են հաջորդ տարի, բայց դրանք բոլորն էլ այդպես ծրագրված էին, որովհետեւ դրանք փոխանցիկ պայմանագրեր էին, եւ եկող տարվա ընթացքում կապահովենք ամբողջական իրականացումը»: Նախարարի խոսքով, եկող տարվա մայիսից կսկսվի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության առաջին փուլը. «Ամբողջ ծրագիրը գնահատված է մոտ 965 մլն դոլար: Առաջին փուլը իրականացնելու համար եկող տարի նախատեսում ենք 60 մլն դոլար»:
Այս ճանապարհի շնորհիվ Հայաստանի հարավային սահմանները կկապվեն Վրաստանի Փոթի եւ Բաթում նավահանգիստների հետ: Ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով այս տարի պետբյուջեից հատկացվել է մոտ 9,9 մլրդ դրամ, որն ուղղվել է 120 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների եւ 6 կամուրջների նորոգման համար:
Տարվա ձեռքբերումները թվարկելով՝ նախարարը նշեց նաեւ, որ առաջընթաց են արձանագրել նաեւ տրանսպորտային ընկերությունների ոլորտում: Նրա խոսքով, գրեթե բոլոր անհատ տաքսիստները ձեռք են բերել լիցենզիաներ. «Ամբողջ տարվա ընթացքում ստուգայցերը չեն դադարել, կազմվել է ավելի քան 2700 արձանագրություն, ինչի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 20 մլն դրամի չափով գումար՝ նախորդ տարվա 2 միլիոնի դիմաց»: Տարվա ընթացքում, նախարարի հավաստմամբ, եղել են նաեւ տաքսի ծառայությունների լիցենզիաների կասեցման դեպքեր, որոնցից մի քանիսը թերությունները շտկել ու լիցենզիաները վերականգնել են, մի մասն էլ շտկման գործընթացում է: Պարոն Սարգսյանի խոսքով, առաջընթաց կա նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրում. «Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ ենք վարում տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անցկացնելու համար՝ համապատասխան դրամաշնորհ տրամադրելու ուղղությամբ: Այդ դրամաշնորհն արդեն ընդգրկված է բանկի 2010-ի ծրագրում»:
Գ. Սարգսյանի խոսքով, այս տարի նախարարությունը չի անտեսել նաեւ սողանքային երկու խոշոր ճանապարհահատվածներ, որոնցից մեկը Քարահունջ գյուղի միջպետական ճանապարհի հատվածն է, իսկ մյուսը՝ Այգեհովիտ- Վազաշեն տանող ճանապարհը: Երկու ճանապարհների վերանորոգման աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի: