Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԸ ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ՉԷ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Մանուկները երազում են, թեկուզ անապահով, բայց ընտանիքում մեծանալու մասին

«Արդեն 12 տարի է մայրս տանը չէ, նա ծառայում է: Ես նրան հաճախ եմ տեսնում իմ երազում»,- իր պատմությունն այսպես սկսեց Մոլդովայի գիշերօթիկում հայտնված մի երեխա: Նրա եւ մի շարք այլ երեխաների մասնակցությամբ ֆիլմեր էին նկարահանվել, որտեղ մանուկները սրտաճմլիկ եւ անկեղծ պատմում էին, թե ինչու են իրենք հայտնվել գիշերօթիկում: Այս ֆիլմերը մենք դիտեցինք Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի կազմակերպած «Երեխաների խնամքի ռեֆորմ» համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի առողջապահության, սոցիալական եւ կրթության ոլորտի պատասխանատուները:
Գիշերօթիկ դպրոցի երեխաներից մեկն էլ պատմում էր, որ իր ծնողներին չի հիշում, քանի որ ինքը շատ փոքր է եղել, երբ ծնողները ավտովթարից մահացել են: Նույն դպրոցում սովորող ու ապրող մի աղջիկ էլ պատմում էր, որ իր մեծ քույրն է իր համար մայր: Քույրը ժամանակ առ ժամանակ այցելում է գիշերօթիկում ապրող երեխային, մի քիչ ժամանակ անցկացնում նրա հետ ու հեռանում: Երեխան ամեն այցելությունից հետո ստրես է ապրում:
Համաժողովի կազմակերպիչների կարծիքով, շատ կարեւոր է նման ֆիլմերի նկարահանումն ու ցուցադրումը, քանի որ սրանք շատ բան են հայտնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի մասին եւ ապացուցում, որ այս երեխաների տեղն իսկապես այս հաստատությունները չեն:
Ամենից շատ անչափահասների քանակությունը ընդհանուր բնակչության մեջ՝ Հայաստանում է՝ կազմելով 25% (մոտ 791 հազար), որից ընդամենը 0,6%-ն է (մոտ 5 հազար), որ գտնվում է խնամքի հաստատություններում, իսկ այդ երեխաների 2,7%-ը մինչեւ 3 տարեկան են: Անցյալ տարվա ընթացքում այս հաստատություններում գտնվող երեխաներից 110-ն է որդեգրվել: Հայ երեխաների խնամքով զբաղվող հաստատությունների ամենամեծ քանակը Երեւանում է: Անչափահասների տոկոսային հարաբերակցությամբ ընդհանուր բնակչության թվի մեջ Վրաստանն ու Մոլդովան հավասար են՝ 22%: Վրաստանի երեխաների խնամքի հաստատություններում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 2300 անչափահաս կա, որի 7%-ը մինչեւ 5 տարեկան երեխաներ են: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Վրաստանում 2005-08 թվականների դրությամբ կտրուկ ավելացել է երեխաների խնամքի կենտրոններում գտնվող անչափահասների թիվը, սակայն այդ երկրի աշխատանքի, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության նախարարության երեխաների խնամքի ծրագրի ղեկավար Գեորգի Կակաչիան «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հաստատությունում գտնվող երեխաների թիվը պակասել է եւ ավելի չէ, քան մյուս երկրներում, քանի որ իրենք աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ եւ ունեն մեծ թվով սոցիալական աշխատողներ: Անցյալ տարվա ընթացքում այս երկրի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից ընդամենը 104-ին են որդեգրել: Գ. Կակաչիայի խոսքերով, իրենց երկրի քաղաքացիները, ինչպես որ բոլոր երկրներում, նախընտրում են որդեգրել նորածիններին:
Իսկ Մոլդովայում խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը 9839-ն է, որոնցից ընդամենը 304-ն են մինչեւ 3 տարեկան: Չնայած դրան, Մոլդովայում էլ են շատ սոցիալական աշխատողները եւ շուտ են հայտնաբերում նման երեխաներին ու օգնում նրանց ընտանիքներին, որպեսզի նրանց չհեռացնեն իրենց կենսաբանական ընտանիքներից: Այստեղ գործում է նաեւ երեխաների վերականգնողական 3 կենտրոն, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, որտեղ գտնվող երեխաների 90%-ից ավելին վերադառնում է իր ընտանիք: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Քիշնեւի երեխաների վերականգնողական եւ խնամքի ժամանակավոր կենտրոնի գլխավոր բժիշկ Մարիա Սերուշը: Նրա խոսքերով, իրենց մոտ ներկա դրությամբ գտնվում է 0-12 տարեկան 200 երեխա: Նա ասաց նաեւ, որ իրենց մոտ երեխա տեղավորում են սոցիալական մարմինների պատասխանատուները, չնայած նման կենտրոնները գործում են առողջապահության ոլորտի ներքո:
Եթե չնայենք տոկոսային հարաբերակցությանը (19%), ապա առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ամենամեծ քանակն ունի Ուկրաինան՝ 40 838: Ներկայացնում ենք 2007 թվականի տվյալները, քանի որ անցյալ տարվա հաշվարկները այս երկրում դեռեւս արված չեն: Մոտ 13 հազար նման երեխա էլ կա Բելառուսում: Բոլոր երկրների հաստատություններում գտնվող երեխաների մեծամասնությունն ունի ծնող կամ ծնողներ: Այս երեխաներից յուրաքանչյուրի վրա պետությունները տարեկան ծախսում են մոտ $5 հազար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել