Հայաստանում սրտանոթային, հակաշաքարախտային, հակավիրուսային եւ այլ դեղամիջոցների իրացման գների բարձրացումների առնչությամբ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ էր հարուցել: Դեղերի արտադրությամբ զբաղվող 25 տնտեսվարողներից երկուսը իրացման գնի փոփոխության համար որպես հիմնավորում նշել են դրամի արժեզրկումը: Մինչդեռ՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության, $1-ի փոխարժեքը ամսական կտրվածքով սեպտեմբերին աճել է 1,91, հոկտեմբերին՝ 1,51 եւ նոյեմբերին՝ 0,4 տոկոսներով: Եվրոյինը, համապատասխանաբար՝ 3,96, 3,37 եւ 1,05 տոկոսներով: Այսինքն, տարադրամների փոխարժեքների աճի տեմպերը նույնիսկ նվազել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ, բնականաբար, էական ազդեցություն չէին կարող ունենալ իրացման գների բարձրացման վրա:
Ուսումնասիրված 38 անուն դեղերից մեծ մասի դեպքում գնի կառուցվածքում առկա են չհիմնավորված բաղադրիչներ, որպես ապացույց ընտրվել են 11-ը. պլավիքս, պրեդուկտալ, դիաբետոն, դիաբետոն ՄՌ, պրեստարիում, արիֆոն ռիտարդ, ֆեվարին, վոլտարեն էմուլգել, բետասերկ, էսենցիալ Ն, տերաֆլյու:
Հակամրցակցային համաձայնության են եկել 7 տնտեսվարողներ՝ «ՎագաՖարմ», «ԱրգոՖարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի Ֆարմ», «ԱլֆաՖարմ», «Արֆարմացիա»: Այս ընկերությունները սեպտեմբեր-նոյեմբերին դեղերի իրացման գները բարձրացրել են չհիմնավորված:
Հանձնաժողովի երեկվա որոշմամբ, վերոնշյալ ընկերությունները հակամրցակցային համաձայնության եւ մրցակցության սահմանափակման համար տուգանվեցին՝ յուրաքանչյուրը նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով (բայց յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով):
Այսպիսով, հաշվի առնելով վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրի գործունեությունից նախորդ տարվա ընթացքում ստացված հասույթի չափը, տուգանվող ընկերությունների համար տուգանքի չափը կազմում է. «ՎագաՖարմի» դեպքում՝ ավելի քան 40 միլիոն դրամ, «ԱրգոՖարմի» մոտ 21,5 միլիոն դրամ, «Էսկուլապի»՝ ավելի քան 35,5 միլիոն դրամ, «Ամիկուսի»՝ 18,4 միլիոն դրամ, «Նատալի Ֆարմի»՝ ավելի քան 187 միլիոն դրամ, «ԱլֆաՖարմի» ավելի քան 113 միլիոն դրամ, «Արֆարմացիայի»՝ ավելի քան 40,5 միլիոն դրամ: Միաժամանակ, վերոհիշյալ ընկերություններին հանձնարարվեց շտկել խախտումը եւ հանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը կտրամադրվեն Պետական եկամուտների կոմիտեին: