Լրահոս
Օրվա լրահոսը

Չի ճնշվում եւ չի կաշկանդվում

Դեկտեմբեր 22,2009 00:00

Հավաստիացնում է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը

Երեկ  ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար  Հովհաննես Հովսեփյանը ամփոփեց տարին:  Նա ներկայացրեց շուրջ 2 տասնյակ ոլորտներում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մի մասին «Առավոտն»  անդրադարձել է նախկինում:
 Նոտարների գործունեության օրինականության ուսումնասիրության ժամանակ վերահսկողականը բազմաթիվ խախտումներ է գտել, օրինակ, այն, որ իրավաբանական անձի անունից գործարք կնքելիս տնօրենների իրավասության հարցը հաճախ պատճաշ չի պարզվել, գործարքներ են կնքվել լիազորություն չունեցող անձանց կողմից կամ դադարած լիազորագրերով: Կամ Պետեկամուտների կոմիտեի համակարգում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծեր, հիվանդ, անտուն, անաշխատունակ մարդկանց անուններով շատ են գրանցվում կազմակերպություններ, որոնք զբաղվում են կեղծ ձեռնարկատիրությամբ:
Ըստ վերահսկողականի պետի,  «ինքնատիպ» խախտումներ են հայտնաբերվել ճանապարհային ոստիկանության գործունեության ուսումնասիրության «մասով»: Մի քանի տասնյակ մարդու ավտոմեքենաների «ցանկալի» համարանիշներ է տրվել առանց  60000 դրամ պետտուրքի վճարման, որոնք, Հովսեփյանի հավաստմամբ, արդեն վերականգնվել են: Տրանսպորտի ոլորտում հետաքրքիրը Կենտրոնական ավտոկայարանի՝ բանկերից մեկում գրավ դրվելն էր: ՀՀ նախագահի հանձնարարությամբ վարչապետի մոտ խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում հանձնարարականներ են տրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին՝  Կենտրոնական ավտոկայարանը գրավից հանելու վերաբերյալ, 631200 դոլար վարկի մի մասն էլ մարվել է:  ԲՈՀ-ը եւս զերծ չի մնացել ստուգումներից. հայտնաբերվել է Տեղեկատվության տեղաբաշխման համաշխարհային համալսարանի տնտեսագիտության դոկտորի բելգիական նմուշի համապատասխանեցված վկայագիր, որի հիմք հանդիսացող ատենախոսությունը 2003-ին պաշտպանվել էր Ռուսաստանում՝ այլ գիտնականի կողմից:
Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ կառույց ուսումնասիրություններ է իրականացնում ու խախտումներ գտնում, չի լինում համապատասխան իրավական հետեւանքը, քանի որ ինչ-ինչ ճնշումների արդյունքում գործը հաճախ ընթացք չի ստանում: «Առավոտի» հարցին՝  ի՞նչ երաշխիք, որ իր պարագայում էլ այդպես չի լինի, պարոն Հովսեփյանը պատասխանեց, որ իր վրա երբեք որեւէ ճնշում չի եղել, ուսումնասիրություններ անցկացնելիս էլ ինքը ոչնչով չի կաշկանդվում: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ վերահսկողականի պետն ասաց, որ իր ղեկավարած կառույցը երբեք քաղաքական նկատառումներից ելնելով ուսումնասիրություններ չի անցկացնում:
Հ. Հովսեփյանը  տեղեկացրեց, որ ՀՀ նախագահին ուղղված նամակների մեծամասնությունը՝ 5400, Երեւանից է, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 4700 նամակով: Նա նշեց, որ երբեմն այնպիսի նամակներ են գրում, որ նույնիսկ զվարճալի կարող են թվալ, օրինակ՝ բնակիչը կարող է խնդրել իրեն ազատել վերեւի հարկի աղմկող հարեւանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել