Հարկայինի աշխատակիցների հերթական «ռեյդը»՝ «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկա, ավարտվել է ծեծկռտուքով
Արդեն մի քանի օր է՝ հարկային տեսուչները քաղաքով մեկ, ամենափոքր առեւտրի կրպակներից ու խանութներից մինչեւ մեծ շուկաները՝ «ռեյդ» են սկսել: Ընդ որում, որքան տարեվերջը մոտենում է, այնքան հարկային տեսուչներն ավելի ինտենսիվ ու ոգեւորված են աշխատում՝ աջ ու ձախ սադրելով խանութպաններին ու առեւտրականներին. եթե, ասենք, 100 հազար դրամ չտաք՝ գլխներիդ կսարքենք:
Նախորդ շաբաթ օրը հարկային մոտ 20 տեսուչների թիրախը «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայի առեւտրականներն էին: Հարկային տեսուչներն այցելել էին ոչ թե ոսկի գնելու կամ խաղաղ ստուգումներ անցկացնելու, այլ՝ տուգանելու առաքելությամբ: Ուշագրավն այն է, որ տեսուչները «ռեյդի» էին դուրս եկել իրենց համար ոչ աշխատանքային՝ շաբաթ օրը, ինչը եւս փաստում է, որ դա հարկային հերթական ստուգում չէր:
Տեսուչները, դոլարները գրպանները դրած, «միամիտ» աչքերով մոտենում էին առեւտրականներին, իբր թե ոսկյա շղթա կամ մատանի գնելու: Գինը պայմանավորվելուց հետո, տեսուչները ձեւական առեւտրի դիմաց դոլար էին տալիս առեւտրականներին, որոնք էլ հաճախորդ չկորցնելու համար՝ գործարքը կատարում էին: Հենց այդ պահին հարկայինի աշխատակիցը գրպանից հանում էր վկայականն ու, արդեն ներկայանալով ոչ թե որպես ոսկու գնորդ, այլ հարկայինի աշխատակից՝ վերջինիս բացատրում, որ Հայաստանում դոլարով առեւտուր անելն արգելված է եւ օրենքը խախտելու համար նա պետք է տուգանք մուծի:
Հարկայինի տեսուչները լավ պատրաստված էին այցելել առեւտրականներին. մի քանի հարյուր դոլար գրպանները դրած ու նաեւ տուգանման համար նախատեսված փաստաթղթերով՝ տեղում ակտ կազմելու համար: Իսկ երբ բանը հասավ նրան, որ ավելի քան 30 առեւտրականներ դոլարով գործարք կատարելու համար տուգանվեցին 2 միլիոն դրամով, իսկ ՀԴՄ կտրոն չխփելու համար՝ 100 հազար դրամով, սա հունից հանեց առեւտրականներին, որոնք էլ ծեծկռտուքով ու հայհոյանքներով վռնդեցին տեսուչներին:
Այն, որ մեր հանրապետությունում դոլարով առեւտուր անելն արգելված է՝ ոսկու շուկայի աշխատակիցները տեղյակ են, այդ դեպքում ինչո՞ւ են իմանալով հանդերձ՝ դոլարով «վաճառել» իրենց ապրանքը, առեւտրականներն «Առավոտին» այսպես պատճառաբանեցին. «Մի քանի ամիս է՝ նորմալ առեւտուր չենք արել, այս ամիս էլ օրերով բան չենք վաճառել, մենք էլ մտածեցինք՝ հազիվ հաճախորդ է կպել ու էլ չենք նայում՝ դոլար են տալիս, դրամ, թե լարի: 2 միլիոն այս ամբողջ տարվա ընթացքում չենք աշխատել, ո՞նց պետք է վճարենք»: Իսկ նրանք, ովքեր «թաքնված» տեսուչներին հորդորում էին դոլարը փոխել դրամի, նոր գալ, տեսուչները հրաժարվում էին, ասելով՝ որ գնամ՝ էլ քո մոտ չեմ գա, ինչի պատճառով էլ առեւտրականները ստիպված դոլարով էին գործարք անում: «Առավոտի» հետ զրույցում տուգանված աշխատակիցները հրաժարվեցին անուն-ազգանունով հանդես գալ՝ հարկայինի հետ հետագայում խնդիրներ չունենալու համար: Մեր տեղեկություններով, տեսուչները տուգանված առեւտրականների հետ համաձայնության են եկել, իբր մաղարիչով «կբարիշեն» եւ ոչ թե 2 միլիոն, այլ մի քանի հարյուր հազար դրամ կվճարեն:
Հարկայինի տեսուչների այս քայլը տրամաբանական է, բացի այն, որ առջեւում Նոր տարի է, ու ծախսերն ավելանում են, դեռ մի բան էլ նրանց ուսերին բյուջեն լցնելու խնդիր է դրված: