Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով չի ստացել՝ կստանա»

Դեկտեմբեր 22,2009 00:00

Խոստանում է ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանը

Հայաստանի պառլամենտարիզմի ազգային կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը երեկ դիմել է մի շարք պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ «Ընտրական օրենսգրքով» եւ ԿԸՀ թիվ 84-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցով սահմանված համապատասխան դրույթների կատարումն ապահովելու հարցերով: Հարցերի շարքում են թիվ 10 ԸԸՀ-ին՝ թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի մասին տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ թեկնածուների հետ ընտրողների հանդիպումների կամ այլ միջոցառումների համապատասխան ժամանակացույցի հրապարակման, ՀՀ ոստիկանությանը եւ պաշտպանության նախարարին՝ զինծառայողների մասնակցությունն ընտրություններին կանխելու համար ձեռնարկած միջոցների ներկայացման, ՀՌԱՀ-ին՝ հեռուստաընկերությունների կողմից վճարովի եթերաժամի սակագների սահմանման, ՀՀ նախագահին՝ 2010-ի հունվարի 1-10-ը ժամանակահատվածում ընտրական գործընթացներում իրավասու պետական մարմինների, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին՝ «Հայփոստի» աշխատանքային օրերի եւ աշխատանքային կարգի հայտարարման, Կենտրոն համայնքի ղեկավարին՝ քարոզչական պաստառների փակցման համար թիվ 10 ընտրատարածքում առանձնացված հատուկ տեղերի հայտարարման մասին:
«Հարկ ենք համարում արձանագրել, որ մեծաքանակ այս դիմումների պատճառն այն է նաեւ, որ ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից, եւ որպես հետեւանք՝ ընտրողների գերակշռող մասը տեղեկացված չի անգամ առաջիկա ընտրությունների մասին»,- ասված է ՀՊԱԿ լրատվության մեջ: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցներում թեկնածուները նույնպես նման մտահոգություններ հայտնել են: Այս առիթով երեկ ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանը նման հայտարարություններ անողներին խորհուրդ տվեց օրենք կարդալ ու ասաց, որ ԿԸՀ-ն էլ, ԸԸՀ-ն էլ օրենքով սահմանված գործողություններն իրականացնում են սահմանված ժամանակացույցով: Անվճար հեռուստաեթեր չտրամադրելուց դժգոհողներին ծանուցեց, որ Հանրային հեռուստաընկերությունը նման պարտավորություններ ունի միայն համապետական ընտրությունների ժամանակ, «իսկ ԱԺ լրացուցիչ ընտրությունները համապետական չեն: Մասնավորի դեպքում՝ կլինի վճարովի, պետք է իրենք պայմանավորվեն: Այս դեպքում հեռուստաընկերության միակ պարտավորությունը հավասար եթերի տրամադրումն է»: Նաեւ ասաց, որ ծանուցման թերթիկներն արդեն ուղարկվում են բնակիչներին. «Ով չի ստացել՝ կստանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել