Ի՞նչ մակարդակում է պետք ՀՅԴ-ին խրատներ տալ
Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում բանավեճ ֆորմատով տարին ամփոփում էին ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Ի հեճուկս ՀՀԿ մամուլի խոսնակի, ով օրերս հայտարարել էր, թե «մարտի 1»-ի էջը փակված է, երկու բանախոսներն էլ փաստեցին, որ դրա բարոյահոգեբանական հետեւանքները, ինչպես որ «հոկտեմբերի 27»-ինը, մեր ազգը դեռ երկար կտանի: Փոխարենը, երկու բանախոսներն էլ, ընդհանուր առմամբ, դրական գնահատեցին մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, երկուսն էլ դժվարացան հստակ պատասխան տալ, թե իրականում ինչո՞վ էր պայմանավորված ԵԽԽՎ-ում խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի քննարկումների հետաձգումը: Վահան Հովհաննիսյանը հայրենի կառավարության՝ ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու դեմ ուղղված քայլերը իրավիճակին «ոչ ադեկվատ» համարեց, տնտեսագետ Մանվել Բադեյանն էլ ասաց, որ նման իրավիճակներում ոչ ոք չի կարող ասել՝ ադեկվատը որն է, ոչ ադեկվատը՝ որը: Հայ-թուրքական հարաբերությունների մասով Վահան Հովհաննիսյան ասաց, որ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին աններելին, իսկ Մանվել Բադեյանը, չնայած այս հարցում իր կոշտ դիրքորոշումներին, փաստեց, որ այնուհանդերձ մի օր պետք է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին: Նա խնդիր է համարում ոչ թե արձանագրությունները՝ իրենց թերություններով հանդերձ, այլ այն, թե մենք ինչքանով կկարողանանք դիմագրավել մարտահրավերներին: Ընդհանրապես, նա կարծում է, որ «հայ-թուրքական արձանագրությունները հանճարեղ մտքի արդյունք չեն, լիքը կետեր կան չհամաձայնելու, եւ դրանք փաթաթած են մեր գլխին»: Լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչո՞վ է Բադեյանը տարբերվում իր ՀՀԿ-ական ընկերներից, ովքեր շարունակում են հավաստիացնել, որ արձանագրություններում պարտադրված կամ մեզ համար ոչ ցանկալի կետեր չկան: «Փաստորեն, խելքով»,- վրա բերեց Վահան Հովհաննիսյանը: Բադեյանը մի հետաքրքիր նկատառում արտահայտեց. «Երկու պարտնյորներ են՝ մեկն ուժեղ է, մյուսը՝ թույլ: Բայց ո՞վ է մեղավոր, ուժեղ լինեինք»:
«Առավոտի» դիտարկմանը՝ ո՞ւմ էր ուղղված «ուժեղ լինեինք» արտահայտությունը. չէ՞ որ վերջին 10 տարիներին ՀՀԿ-ն եղել է իշխանության, իսկ երկիրն ուժեղացնելու հիմնական մեխանիզմներն իշխանության ձեռքում են, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Այո, առաջին հերթին խոսքս ուղղված էր իշխանությանը, որի մասն եմ ես, եւ որի մասն էր մինչեւ վերջերս ՀՅԴ-ն: Այսինքն՝ ես որեւէ մեկին չեմ մեղադրում, որ մենք ուժեղ չենք այնքան, ինչքան որ պետք է լինեինք եւ կարող էինք լինել: Բայց ես ուզում եմ, որ հասկանաք՝ դա հավասար չափով վերաբերվում է յուրաքանչյուրիս: Իսկ ի՞նչ է, ազգի ուժեղանալը միայն իշխանությա՞ն խնդիրն է: Նայեք ձեր ընտանիքներին՝ ո՞նց ա, ամեն ի՞նչ ա լավ, թե՞, չէ, ձեր երեխեքին ո՞նց եք դաստիարակում, ո՞նց եք իրար վերաբերվում, որ իշխանության հետ կապ չունի. սրա մասին ա խոսքը: Քաղաքակրթվելու ճանապարհին երբեք չպետք է քավության նոխազ ման գանք եւ ասենք՝ այ, իշխանությունն ա մեղավոր: Իշխանությո՞ւնն ա մեղավոր, որ դուք փողոցը ճիշտ չեք անցնում»: Չվիճարկելով պարոն Բադեյանի դիտարկումները՝ այնուհանդերձ նկատեցինք, որ հավասարակշռությունը խախտվում է, ասենք, երբ ՀՀԿ-ի մանդատով երկրի բարձրադիր օրենսդիր մարմնում հայտնվում են մարդիկ, ովքեր անգամ իրենց անուն-ազգանունները ճիշտ չեն գրում: «Չընտրեիք»,- վրա բերեց Բադեյանը: «Չենք ընտրել»,- դիտարկմանն էլ հակադարձեց. «Բա ո՞նց են ընտրվել: Ուզում եք ասել, որ կեղծիք ա եղե՞լ: Չանեիք, ո՞վ ա արել՝ ե՞ս, թե՞ հանրապետության նախագահը»: Քանի որ արդեն ակնհայտ էր, որ պարոն Բադեյանն անդրդվելի է իր համոզմունքներում՝ հարկ չհամարեցինք երկխոսությունը շարունակել:
Վահան Հովհաննիսյանն էլ մեր խնդրանքով պատասխանելով «Առավոտում» տպագրված «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կարծիքին, որ Դաշնակցությունն անկեղծ չէ՝ ասաց. «Սեֆիլյանի տեսակետն, անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում: Բայց եթե ինքը համարում է, որ մենք ստորագրահավաքը սխալ էինք անում, թող միանար եւ ընդլայներ: Ես չեմ կարող լուրջ վերաբերվել մի մարդու կողմից հնչեցրած մեղադրանքներին, ով լինելով ազատագրված տարածքների պաշտպան, ծայրագույն ազգային դրսեւորումներով աչքի ընկնող մեկը՝ միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը եւ հիմա կրակն է ընկել, որովհետեւ ինքը, հնչակյանները եւ մնացած բոլորը, ում խորթ չէին Հայ դատի գաղափարները, պիտակավորված դարձան իրենց իսկ գաղափարական հոր կողմից: Դրա համար պետք չէ այդ մակարդակի վրա մեզ խրատներ կարդալ: Մենք անում ենք այն, ինչը համարում ենք ճիշտ եւ տվյալ պահին համապատասխան»: