Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԵԿԱՎ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Հայաստանի հայտնի գործարար-պատգամավորների համար վերջերս վարակիչ է դարձել նախապես համաձայնություն տալ մամուլի ասուլիսին իրենց մասնակցության մասին, հետո, ասուլիսից րոպեներ առաջ, հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից: Թե ինչո՞վ է դա պայմանավորված, առայժմ չասենք: Դեռ ուրբաթ օրվանից էր տարածվել հայտարարություն, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 11-ին, «Դե-Ֆակտո» ակումբում տեղի է ունենալու մամուլի ասուլիս՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ: Սակայն պարոն Ծառուկյանը երեկ անսպասելիորեն, հրատապ մեկնել էր Մոսկվա: Իր փոխարեն կուսակցության նախագահը ուղարկել էր իր մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին եւ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վերջիններիս ուղղված հարցեր լրագրողները գրեթե չունեին, հնչեց մեկ-երկու հերթապահ հարց, մինչ այդ Մենուա Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակին հանձնեց իր ամսագրի ամենամյա մրցանակը: Այս տարի Տարվա մարդ էր հռչակվել Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի այդ մարդը Հովիկ Աբրահամյանն էր: Մենուա Հարությունյանն այսպես բացատրեց իր ընտրությունը. «Նաեւ այն, որ պարոն Ծառուկյանը կանգնած էր նախագահի կողքին իր բոլոր ծրագրերում, մենք որոշեցինք, որ Տարվա մարդ պետք է ճանաչել պարոն Ծառուկյանին: Եվ այս խորհրդանշական մրցանակը, որը մենք հանձնել ենք մեկ անգամ Անդրանիկ Մարգարյանին, մեկ անգամ Մաքսիմ Հակոբյանին՝ որպես թիվ մեկ հարկատու, մեկ անգամ Հովիկ Աբրահամյանին՝ որպես խորհրդարանի խոսնակ, այս անգամ հանձնում ենք ձեզ (մրցանակը հանձնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակին- Մ. Ե.), կարծում ենք, կփոխանցեք պարոն Ծառուկյանին»: Հարց հնչեց այն մասին, թե Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությունը բավարարե՞լ է Գագիկ Ծառուկյանին: Ի պատասխան՝ տիկին Զոհրաբյանն ասաց. «Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունում ամեն ինչ ասված է, դրան ավելացնելու բան մենք չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել