Եվրամիության ֆինանսավորմամբ 2010 թվականից Հայաստանում կմեկնարկի «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագիրը: Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակետերն արդիականացնելու նպատակով Հայաստանին կհատկացվի շուրջ երկու միլիոն ամերիկյան դոլար: Հայաստանի պետական սահմանների կարիքների գնահատման փաստաթուղթն արդեն հավանության է արժանացել Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման, ենթակառուցվածքների առկա վիճակի եւ դրանց արդիականացման ու վերազինման վերաբերյալ առաջարկությունների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ դեկտեմբերի 19-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Սահմանային անվտանգության ապահովման եւ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրները խիստ կարեւոր նշանակություն ունեն: Պետք է բարձրացնենք Հայաստանի սահմանների անվտանգության մակարդակը, սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խումբը մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարություն, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: