Ըստ եվրոպացիների, Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը թերի է
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում թեպետ դեկտեմբերի 17-ին չլսվեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցը, սակայն համազեկուցողների՝ այդպես էլ չհնչած զեկույցի մասին արդեն որոշ մանրամասներ հայտնի են: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, այդ զեկույցը կազմում է մոտ 20 էջ, եւ այդ էջերում համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն իրենց զարմանքն են հայտնել Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի այն գնահատականին, թե 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները իրավաչափ եւ համաչափ են եղել, այն դեպքում, երբ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից առնվազն երեք մարդ է սպանվել: «Իրենք էլ են գտնում՝ իրավաչափ չէ, նրանք գտնում են, որ առնվազն զարմանալի է՝ այդ ամենը նշելուց հետո ասել, որ դա համաչափ է եւ իրավաչափ: Սպանությունների մասին էլ ասվում է, որ լիարժեք չի պարզաբանվել, եւ այդ հարցը մնում է իսկապես թերի»,- մեզ հայտնեց Արմեն Ռուստամյանը: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ համազեկուցողների գնահատմամբ, թերի է նաեւ մարտի 1-2-ին հաջորդած իրադարձություններին եւ, մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի անդրադարձը: Իսկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է համազեկուցողների այն դիտարկումը, որ ոստիկանության գործողությունները մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ իրավաչափ չեն եղել, ասել է. «Ողջամտության տեսանկյունից, ինձ թվում է, իրավաչափ չի եղել, իրավական տեսանկյունից՝ մեղադրանք ներկայացնելու այդ առումով, ցավոք սրտի, հիմքեր չկան»:
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ այս պահին Դաշնակցությունը զբաղված է ստորագրահավաքով. «Ամփոփում ենք տվյալները: Յուրաքանչյուր ընտրատարածքի ընտրող դիմում է իր պատգամավորին, որպեսզի նա դեմ քվեարկի հայ-թուրքական արձանագրությունների՝ այս տեսքով վավերացմանը: ՍԴ-ում (հունվարի 12-ին ՍԴ-ն պետք է եզրակացություն ներկայացնի արձանագրությունների վերաբերյալ- Մ. Ե.) մենք պատրաստվում ենք ներկայացնել նաեւ իրավական հիմնավորումները, ըստ որոնց՝ ՍԴ-ն կարող է այս արձանագրությունները համարել Սահմանադրությանը հակասող կամ մասնակի հակասող: Գիտեք, որ մենք նախատեսում ենք նաեւ հրապարակային գործողություններ՝ հանրահավաք երեւի տեղի կունենա, երթ երեւի կլինի դեպի ՍԴ, կփոխանցենք մեր պահանջները: Սա տեղի է ունենալու ազգային հարցերի շուրջ համախմբված 14 կուսակցությունների եւ 70-ից ավելի հ/կ-ների մասնակցությամբ»:
Ի պատասխան մեր հարցին՝ եթե հանրահավաքը, երթերը եւ որեւէ այլ բան Դաշնակցությանը եւ մյուսներին հաջողություն չբերի, ի՞նչ է անելու Դաշնակցությունը՝ դրանով իր առաքելությունն ավարտվելո՞ւ է, պարոն Ռուստամյանն ասաց, որ դրանից հետո պետք է փորձեն Ազգային ժողովի պատգամավորներին մղել, որպեսզի նրանք դեմ քվեարկեն վավերացմանը, կամ, գոնե, այդ վավերացման հետ կապված ԱԺ-ն հանդես գա վերապահումներով, որպեսզի առկա վտանգները գոնե չեզոքացվեն. «Եթե դա նույնպես տեղի չունեցավ, եւ այս տեսքով վավերացվեցին, ինչպես ասել եմ, մեր նպատակը մնում է այս ամենը տապալել: Ուրեմն միջոց մնում է միայն իշխանափոխությունը»: