Անցնող տարին ամփոփում է ՆԺԿ նախագահը
«2009 թվականին Հայաստանի քաղաքական դաշտը եւ միտքը թռիչքաձեւ առաջ մղվեց»,- «Առավոտի» հետ զրույցում, ընդհանուր գծերով ամփոփելով անցնող տարին, կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ թե հատկապես ի՞նչը նկատի ունի մեր զրուցակիցը՝ «2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց դրոշմը մինչ օրս, ցավոք, կրում ենք, առաջին անգամ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը տեսավ, որ նախագահը, ՀՀԿ-ն եւ կոալիցիան այնքան էլ խելոք չեն, ինչպես իրենց ներկայացնում էին, եւ ինչպես կարծում էին ոմանք: Իշխանությունն առաջին անգամ ցույց տվեց, որ իր ուժային մտածելակերպով կարող է երկիրը տանել ամբողջական փակուղի»: Նա կարծում է, որ փակուղում Հայաստանը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, բայց այդ շրջանում «թեկուզ իմիտացիոն գործընթացներ էին գնում», մինչդեռ հիմա «ամբողջական փակուղի է»: Արամ Կարապետյանն իշխանության թիվ մեկ սխալը համարում է հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնությունները՝ հասարակությանը խաբելով, թե նախապայմաններ չկան. «Մինչդեռ նախապայմաններն այնքան ակնառու դարձան, որ հիմա Սերժ Սարգսյանը հրաման է արձակում՝ հետդարձի ճանապարհներ փնտրել: Փաստորեն, այս մարդիկ այդ հարաբերությունների մեջ մտնելուց այնքան խելոք չեն եղել, որ նոր պիտի նստեն ու մտածեն հետդարձի ճանապարհը: Քաղաքականությունը, ցավոք, մեզանում այդ աստիճանի է պրիմիտիվացվել, դարձել է փող հաշվելու պես մի բան: Այսպիսի իշխանություն Հայաստանը երբեւէ չի ունեցել»: Համադրելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս անհասկանալի իրավիճակը, ԼՂՀ հարցի շուրջ հնարավոր զարգացումները, արդեն ակնառու երեւացող սոցիալ-տնտեսական խնդիրները՝ մեր զրուցակիցը կարծում է, որ «այս ամենը քաղաքական դաշտի ռադիկալիզացիան բարձրացնում է: Փոփոխությունների ձգտումը, մարդկանց ցասումային վիճակը, քանի որ աճելու ապագա չկա… Ինչքան էլ ասեն, որ քաղաքական այս կամ այն նախաձեռնությունը «պրոյեկտ է», ճիշտ է, սխալ է, միեւնույն է՝ ես տեսնում եմ, թե ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, շուտով նաեւ ՍԴՀԿ-ն, Ժիրայր Սեֆիլյանը եւ մնացյալ քաղաքական ուժերն ու անհատները, որոնք իրենց տեսակետները ներկայացնում են բաց, հանդես են գալու առավել ռադիկալ դիրքերից»: Նա գտնում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ արմատական ընդդիմադիր տեսանկյունից հանդես եկող ուժերն ավելի պասիվ կեցվածքի մեջ էին, քաղաքական դաշտի ռադիկալիզացիան շարունակվեց եւ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու: Ի դեպ, պարոն Կարապետյանն այս պարագայում Հայ ազգային կոնգրեսի պասիվ կեցվածքը չի քննադատում. «Դա իրենց գծի մեջ է, եւ ոչ ոք իրավունք չունի քննադատելու»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի համար վատ կլինի այն, եթե այս փակուղուց ելք չգտնենք. «Թշնամացած ենք դուրս գալու թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, ավելին, ինչ-որ չափով թշնամացած ենք դուրս գալու նաեւ Իրանի հետ: 2009-ին ներքին դաշտում ՌԴ-ի հետ առնչություններում էլ ենք թշնամացած գնացել, եւ իզուր չէ, որ ՌԴ-ում Սերժ Սարգսյանի վարկանիշը 3 տոկոս է՝ ճիշտ Յուշչենկոյի վարկանիշի չափ: Վրացական քաղաքականությունը չեմ էլ ուզում քննարկել. անմիտ քաղաքականություն: Մի օր մեդալ են տալիս, հաջորդ օրը եկեղեցի են քանդում: Եվ այստեղ առավել եւս երեւում է, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական, քաղաքական պայքարի պատրաստ մարդ չէ: Միգուցե ուժային, չերեւացող, ինտրիգների դաշտում այս մարդն ուժեղ է եղել: Բայց քաղաքականության դաշտում, որտեղ միանգամայն այլ ուղեցույցներ են պետք, չստացվեց: Այնպիսի անսպասելի հարվածներ ստացավ, որ երեւի ինքն էլ է զարմացած: Այսինքն՝ ռադիկալիզացիայի աստիճանը հաջորդ տարի դրսում էլ է ավելանալու: Ո՞վ կմտածեր, որ այս պարագայում, երբ քրդական հարց պիտի լուծվեր, քրդական կուսակցություններից մեկը կփակեն: Հիմա էլ Էրդողանն էլ, մնացածն էլ ասում են՝ դեմ ենք: Այսինքն՝ իրենց երկրում էլ կառավարման մակարդակում հաղթող կուսակցության վարչապետը չի կարողանում մինչեւ վերջ տնօրինել երկրում իրավիճակը: Էլ չեմ խոսում Հայաստանում տիրող իրավիճակի մասին»: Բոլոր քայլերը, ըստ Արամ Կարապետյանի, Հայաստանում հանգեցնելու են երկու իրավիճակի. կամ քաղաքական դաշտը կարողանալու է ռադիկալիզացիան ուղղել՝ երկրում նոր իրավիճակ ստեղծելու համար, կամ գնալու ենք էլ ավելի խորը դեգրադացիայի, որից, մեր զրուցակցի կարծիքով՝ «ահավոր մեծ մատաղացու ենք դառնալու»: Մի կողմ թողնելով նիհիլիստական մոտեցումները՝ ՆԺԿ նախագահն այժմ վստահ է, որ գնալու ենք առաջին տարբերակով: Նա համակարծիք է այն տեսակետին, որ Հայաստանին նոր մտածողությամբ մարդիկ են անհրաժեշտ: Իսկ նախադրյալները, որոնք պարոն Կարապետյանին լավատեսության են մղում, հետեւյալն են. «Հայկական էլիտայի այն մասը, որ դաշտում էլ որ լինի, որը տարիներ շարունակ չի ընկել փողի ետեւից, այլ կարողացել է միտք արտահայտել, երկրում կրեատիվ փոփոխությունների անհրաժեշտության մասով համակարծիք է: Սա արդեն մեծ ուժ է տալիս, որ նոր քաղաքական պահի պարագայում, ընդ որում՝ արտահերթ, որակ ենք ունենալու: Կամաց-կամաց արդեն ձեւավորվում է Նոր Հայաստանի կերպարը: Երրորդ հանրապետությունը, ոչ որպես պետականություն, սկսում է կայանալ: Այս 15-20 տարիների լճացումից հնարավորություն ենք ստանում դուրս գալ՝ պահպանելով պետականությունը, եւ նոր տիպի, նոր մտածողության երկիր կառուցել»: