Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼ ՀՅՈՒՐ ՉԵՆ, ԻՐԵՆՔ ԵՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Երաժշտական կամերային թատրոնը նորոգվել է

Պետական երաժշտական կամերային թատրոնն այլեւս աշխատում է, այսպես ասած` «ազատ բեմի» սկզբունքով: 2006 թվականից թատրոնի ղեկավարն է դերասան եւ ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Նրանից փորձեցինք պարզել՝ ինչպիսի՞ն է վիճակը իր ղեկավարած մշակութային օջախում, երբ այսօր թատրոնը դիտվում է հասարակական, քաղաքական ամբողջության մեջ, եւ շուկայական հարաբերությունների թելադրանքով արվեստը հաճախ վերածվում է «մասսայական արվեստի»: Պարոն Հակոբյանն ասաց, որ մինչեւ իր տնօրինելը, թատրոնը գտնվել է դժվար հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում. «Անբարեկարգ շինություն, կոտրված տանիք, խեղճացած դահլիճ, չծածկված հատակ եւ, որ ամենակարեւորն է թատրոնի համար, բացակայող ռեպերտուար: Տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչ հարթ է եղել: Դժվարը սկսելն էր, բայց համախմբվեցինք, գտանք համախոհներ, մասնակցեցինք միջնաժամկետ ծրագրերին եւ սկսեցինք թատրոնի բարեկարգումը: Այսօր թատրոնը ոտքի է կանգնել՝ վերանորոգվել ու ջեռուցվել է… Այսօր խնդիրների մի մասը լուծված է, որոշները մնում են անլուծելի»:

Եթե նախորդ ձմեռները Պետական երաժշտական կամերային թատրոնը հյուրի կարգավիճակով խաղում էր Երեւանի մյուս թատրոններում, ապա այսուհետեւ այն, ըստ Դավիթ Հակոբյանի, «հյուր» չի լինելու, այլ ինքն է հյուրընկալելու: Այս տարի պետական աջակցության եւ թատրոնի միջոցներով թատրոնը կերպարանափոխվել է, վերանորոգվել: Սակայն, ինչպես դա պատահում է, չլուծվող խնդիրների մեծ մասը բարդվում է թատրոնի ուսերին, եւ թատրոնն ինքն է փորձում իր միջոցներով սայլը տեղաշարժել:

«Պետական կառույցների կողմից թատրոնին սուբսիդիա է տրվում, սակայն միշտ չէ, որ այն բավական է լինում թատրոնի եւ դերասանի գոյության ապահովման համար: Պետական թատրոնը լիովին ազատ չէ իր գործունեության մեջ: Պետական թատրոնն ունի պետական մշակութային քաղաքականությունը կրելու պարտականություն: Սակայն եթե ճիշտ կազմակերպենք թատրոնի մարկետինգը եւ հանդիսատեսին կապենք թատրոնի հետ եւ, ինչու չէ, նաեւ լինի պետական աջակցություն, սա կարդարացնի մեր սպասելիքները: Պետական աջակցությունից բացի, թատրոնը զգում է նաեւ զուտ մարդկային աջակցության կարիքը: Բայց վերջին տարիների տնտեսական եւ քաղաքական իրադարձությունները խիստ փոփոխությունների պատճառ են դարձել: Կենսական դժվարությունների մեջ հայտնված մարդկանց ուղեղներում տիրապետող են դարձել անձնական մտահոգությունները»,- ասում է մեր զրուցակիցը: Այս պայմաններում, ըստ նրա, հոգեւոր պահանջմունքը փոխել է իր կերպը: Մարդիկ այսօր հաճախում են կինո՝ լիցքաթափվելու, իսկ թատրոնում` ստիպված են լինում մտածել, դիտել, հուզվել եւ տեսածը վերարտադրել: Այս պայմաններում էլ, սակայն, հանդիսատեսի հոսքը թատրոն՝ չի դադարում, քանի որ կան լավ բեմադրված ներկայացումներ, տաղանդավոր դերասաններ, ճաշակով արված աշխատանք, որը չի կարող չդառնալ համամարդկային հետաքրքրության առարկա:

Պարոն Հակոբյանն ասաց, որ ցանկալի է առաջիկայում Պետական երաժշտական կամերային թատրոնը հանդես գա նոր անվանումով, քանի որ հայ հանդիսատեսին շփոթեցնում է մայրաքաղաքում «կամերային» անվանումով երեք մշակութային կառույցների գոյությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել