Լրահոս
Օրվա լրահոսը

Քնի խանգարումներ կամ՝ բոլորովին քուն չունեմ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Ժամանակակից սթրեսաշատ կյանքում հաճախ մեր ուղեկիցն է անքնությունը: Սակայն անքնություն հասկացությունը հարաբերական է: Քունը անխուսափելի վիճակ է: Նրանք, ովքեր ասում են, որ դադարել են քնել, մեղմ ասած՝ ճիշտ չեն: Քնի խանգարումները առաջ են բերում տարբեր հիվանդություններ: Երկարատեւ ու լրիվ քնից զրկվելը կարող է վերջանալ նույնիսկ մահով:

Նախկինում Անգլիայում կար մահապատիժ՝ զրկում քնից:

Մարդկանց քնի միջին տեւողությունը համարվում է 8 ժամ: Սակայն կան մարդիկ, որոնց բավարարում է 4-5 ժամը (Պետրոս Առաջին, Ֆարադեյ, Էդիսոն, Բեխտերեւ):

Իսկ ինչպե՞ս իմանալ սեփական քնի «նորման»: Քնի պակասն առաջ է բերում քնկոտություն, թուլություն, աշխատունակության անկում, վատանում են ինքնազգացողությունը եւ ուշադրությունը: Քնի խանգարման հիմնական պատճառներն են նյարդային վիճակն ու գրգռվածությունը: Քնի խոր խանգարումների դեպքում պետք է դիմել նյարդաախտաբանի կամ հոգեբույժի: Ինքնաբուժումն ու քնաբերների չարաշահումն անթույլատրելի է: Որպեսզի քունը չխանգարվի, պետք է պահպանել կյանքի նորմալ ռեժիմն ու ռիթմը: Պետք է սովորություն դարձնել քնել նույն ժամին եւ անմիջապես անջատել լույսը: Բայց լինում է նաեւ այսպես՝ դուք պառկել եք քնելու, բայց գլխում «շիլա-շփոթ» է, տեղի է ունենում նյարդային պրոցեսների քաոս: Ի՞նչ անել: Կարելի է խմել մի բաժակ ոչ այնքան թունդ քաղցր թեյ: Օգնում է նաեւ մեկ բաժակ գոլ կաթը կամ մեկ թեյի գդալ բնական մեղրը կես բաժակ ջրով: Քնելուց առաջ շատ ուտելը նույնպես խանգարում է քունը: Սակայն դատարկ ստամոքսով պառկելն էլ ճիշտ չէ: Ամեն ինչ պետք է լինի չափավոր: Քնելուց առաջ պետք է օդափոխել ննջասենյակը: Ննջասենյակի չոր օդը եւ բարձր ջերմաստիճանը նույնպես հանգեցնում են քնի խանգարման: Որոշ մարդիկ լավ են քնում մութ սենյակում, իսկ ոմանք՝ գիշերալամպի լույսի տակ: Կարելի է քնելուց առաջ օգտագործել կատվախոտի (վալերիանա) թուրմի կաթիլներ կամ հաբեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել