«Այսօր չկոտրե՛նք երեխաների սիրտը եւ անկատար չթողնե՛նք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»: Այս կարգախոսով «Համաչափ զարգացում» հասարակական կազմակերպությունն արդեն երկու տարի իրականացնում է «Բարի Ձմեռ պապ» ամանորի ծրագիրը: Անցած տարի այս ծրագիրը իրականացվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, իսկ այս տարի «Բարի Ձմեռ պապը» կայցելի Վայոց ձորի Վայք քաղաք, նրա 17 գյուղական համայքներ եւ մասամբ՝ Երեւան:
Հարցին, թե ո՞րն է ծրագրի նպատակը՝ «Համաչափ զարգացում» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Ասանեթ Ալոյանը պատասխանեց. «Մեր նպատակն է ամրապնդել երեխաների հավատը իսկական Ձմեռ պապի նկատմամբ եւ այն բանի, որ Ձմեռ պապին ուղղած իրենց նամակները՝ անպայման գտնում են հասցեատիրոջը եւ նա կատարում է իրենց ցանկությունները: Մենք կարծում ենք, որ Ձմեռ պապի կերպարը իր մեջ ունի մեծ դաստիարակչական նշանակություն, որը երեխաների հետագա զարգացման տարիների ընթացքում դառնում է բարության եւ մարդասիրության խորհրդանիշ, ինչպես նաեւ հումանիստական գիտակցություն է ձեւավորում»:
Այս ծրագրի նախաձեռնողներն ակնկալում են, որ հաշմանդամ, ծնողազուրկ, սոցիալապես անապահով երեխաները ամանորը կդիմավորեն իրենց համար անակնկալներով եւ մեծ ուրախությամբ: «Ծրագիրն իրականացնում ենք Հայաստանի բջջային օպերատորներից մեկի, գերմանացի բարեգործ Հանս Հաուգեի, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների, ուսանողների, կամավորականների աջակցությամբ»,- նշեց Ա. Ալոյանը, հավելելով, որ բացի նվերներից, Վայք քաղաքում գտնվող արհեստական անտառում նախատոնական օրերից սկսած՝ ստեղծվելու է Ձմեռ պապի ճամբար, որտեղ երեխաների համար կկազմակերպվեն միջոցառումներ՝ հանդեսներ, մուլտֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ: Իսկ հաշմանդամ երեխաների բնակարաններ այցելությունները՝ Ձմեռ պապը կիրականացնի ձիերին լծված սայլակներով: