Օրերս Վանաձորում նշվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական խորհրդական, 3-րդ բանակային կորպուսի ավագ դիրիժոր, պահեստի գնդապետ Վլադիմիր Ռապացկու ծննդյան 80 եւ դիրիժորական գործունեության 53-ամյակը: Նա ծնվել է Օրենբուրգի Բուգուռուսլան քաղաքում: Վաղ հասակում զրկվելով ծնողներից` հայտնվել է մանկատանը, ուր եւ առաջին անգամ ծանոթացել է երաժշտական գործիքների եւ փողային նվագախմբի հետ: 1969թ. տեղափոխվել է Կիրովական: Վ. Ռապացկին արժանացել է կառավարական 18 պարգեւերի, բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի: Յուրաքանչյուր տարի` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահից անձնական շնորհավորագիր է ստանում: Հայաստանը համարում է իր 2-րդ հայրենիքը: Նրա հոբելյանական երեկոյին ելույթներով ներկայացան «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը, Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբն ու նվագախումբը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ Վարդան Դոլմաջյանը: Ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ զինվորական գործում մեծ ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Վլ. Ռապացկին պարգեւատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: