Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ

Դեկտեմբեր 19,2009 00:00

\"\"Ըստ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, հիմա մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն ներկայացումներ դիտելու:

Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամը լավ է ազդում թատրոնի վրա, քանի որ մարդիկ, զրկված լինելով աշխատանքից, ավելի շատ են ազատ ժամանակ ունենում եւ, թատրոն հաճախելով, փորձում հոգսերից ազատվել: Թատրոնը ոչ թե շատ գումար է պահանջում, այլ՝ ժամանակ: Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նույն օրը տիկնիկայինում տեղի է ունեցել 1 ժամ 10 րոպե տեւողությամբ Ամանորի՝ «Իսկական հրաշք» ներկայացման պրեմիերան: Երեխաներն այս տարի այն հնարավորություն կունենան դիտելու մինչեւ դեկտեմբերի 29-ը, իսկ հաջորդ տարի՝ հունվարի 3-10-ը: Ռ. Բաբայանը հիշեցրեց, որ 2009-ին Տիկնիկային թատրոնը հովանավորել է մի շարք միջազգային փառատոներ՝ «Հայֆեստ», «Ոսկե ծիրան», «Կին», ինչպես նաեւ ռոք փառատոնը: Գեղարվեստական ղեկավարը համակարծիք է, որ ռոքի համար թատրոնը լավագույն վայրը չէ, սակայն, եթե թատրոնն այդ հնարավորությունը չընձեռեր, Հայաստանում գուցե ռոք չհնչեր: Գոգոլի «Շինելի» հիման վրա բեմադրած «AKAK» ներկայացումով թատրոնը հանդես է եկել մի քանի փառատոներում, իսկ ամենահաջողված գործը, ըստ թատրոնի ղեկավարի, Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումն է, որն արդեն ստացել է մի քանի միջազգային փառատոների հրավեր: Ռ. Բաբայանը ուրախությամբ հայտնեց, որ ամեն տարի ե՛ւ ներկայացումների, ե՛ւ հանդիսականների աճ է նկատվում՝ տարվա մեջ մոտ 450 ներկայացում եւ 60 հազարից ավելի հանդիսական: Այս տարի եղել է 7 նոր բեմադրություն: «Թատրոնում ոչ միայն տիկնիկային, այլեւ դրամատիկ ներկայացումներ են լինում ու մնջախաղ: Ներկայացումներն էլ ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար են»: Պարոն Բաբայանը տեղեկացրեց նաեւ տիկնիկային թանգարանի մասին, որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունվարի կեսերին: «Դրանք ոչ թե խաղարկու տիկնիկներ են, այլ՝ տիկնիկ-կերպարներ: Կա նաեւ տարազով տիկնիկ, որը ժամանակին նվիրել է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին»,- նշեց Ռ. Բաբայանը եւ հավելեց, որ նման թանգարաններ կան Իտալիայում, Միացյալ Թագավորությունում, Վիետնամում, Չինաստանում եւ Չեխիայում: Անդրադառնալով դերասանների վարձատրությանը՝ գեղարվեստական ղեկավարն ասաց. «Տոմսերի վաճառքից ներկայացումների բյուջեի մոտ 20 տոկոսն է լցվում, մնացած գումարը տրամադրում է պետությունը: Բայց, ցավոք, պետական աշխատողներին տրվող գումարը ցածր է՝ 40 հազար դրամ: Փորձում ենք այնպես անել, որ դերասանները կարողանան գումար վաստակել՝ ուրիշ թատրոններում աշխատելով, այլ նախագծերում նկարահանվելով: Մարզային շրջագայություններից գումար չի մնում շատ պարզ պատճառով՝ այնտեղ մարդիկ փող չունեն»: Պարոն Բաբայանը խոսեց մի միտումի մասին, որը սկսվել է դպրոցներից. կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ արգելում են ներկայացումների ու ֆիլմերի տոմսեր վաճառել: Բանախոսի կարծիքով, դա բերելու է նրան, որ հասարակությունը դառնալու է ավելի ագրեսիվ ու ոչ հանդուրժող, որովհետեւ. «Հասարակությունը հանդուրժող է դառնում, երբ շփվում է մշակույթի հետ: Բաներ կան, որ երեխաներին նույնիսկ պետք է ստիպել: Մեր հասարակությունը հիվանդ է, եթե ուզում ենք բուժել, պետք է ճիշտ ախտորոշումը տանք, իսկ ախտորոշումն այն է, որ զրկված ենք մշակույթից»:

Ռ. Բաբայանի փոխանցմամբ, Տիկնիկային թատրոնը տոմսեր տրամադրում է մանկատներին ու այն օջախներին, որոնց հարմար է գտնում, բայց. «Վերջերս ստեղծվել են բարեգործական «պարազիտ» հիմնարկներ, որոնք փորձում են անվճար տոմսեր կորզել՝ իբր մանկատների համար»: Վերջում պարոն Բաբայանը, շնորհավորելով բոլորի Ամանորը, հայտնեց Ամանորի ներկայացումների խորհուրդը. «Հավատացե՛ք ձեր երազին եւ այն կիրականանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել