Լրահոս
Օրվա լրահոսը

Անունը կա, ամանում՝ չկա

Դեկտեմբեր 19,2009 00:00

«Մեռած հոգիներ»՝ դպրոցներում

Դպրոցում գրանցված, բայց իրականում գոյություն չունեցող աշակերտներ, տնօրենի, դպրոցական խորհուրդների ընտրության կարգերի խախտում, դպրոցներում ստեղծված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, դպրոց ընդհանրապես չհաճախած, բայց ավարտական վկայական ստացած աշակերտներ եւ այլ… հիմնականում նման խնդիրների քննությամբ է զբաղվում ԿԳՆ կրթության պետական տեսչությունը: Երեկ «Դյուպլեքս» մամուլի ակումբում տեսչության այս տարվա աշխատանքներն ամփոփեց կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը: Նա նշեց, որ այս տարի ուսումնասիրություններ են իրականացվել Երեւանի եւ մարզերի 395 ուսումնական հաստատություններում: Ըստ օրենքի՝ տեսչության վերահսկողությունը տարածվում է նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական արհեստագործական կրթական հաստատություններում: Խ. Մուրադյանն իր խոսքում չէր կանգնում կոնկրետ փաստերի վրա, ընդհանուր խնդիրներ էր բարձրացնում: Օրինակ՝ «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզների մեծամասնությունը չունի կամակերպաիրավական օրինական ձեւ, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում կան կադրային խնդիրներ, բանը հասնում է նրան, որ լինելով մասնավոր հատվածի ներկայացուցիչ, ինչ ցանկանում, ոնց ցանկանում են՝ անկախ կրթական ցենզից, անում են, անգամ ղեկավար կադրերը ոչ ճիշտ են նշանակվում»: Պարոն Մուրադյանն ասաց նաեւ, որ որոշ դեպքերում տեսչության ուսումնասիրությունների արդյունքում գործը հասել է դատախազություն, մեղադրանքը հաստատվել է, բայց որոշ դեպքերում դա համընկել է համաներման շրջանին, ուստի դպրոցի տնօրենները չեն դատապարտվել, օրինակ՝ Արա գյուղի դպրոցի տնօրենը:

«Առավոտն» անդրադարձավ այն երեւույթին, որ շատ ծնողներ իրենց որդիներին տեղափոխում են գործարքի մեջ հեշտությամբ մտնող տնօրենների դպրոցներ՝ 12 տարի չսովորելու եւ բանակի հետ կապված խնդիրներ չունենալու համար: Այնուհետեւ հարցրինք՝ տեսչությունն այս առումով որեւէ վերահսկողություն սահմանո՞ւմ է: Պետը պատասխանեց. «Այդ հարցին տեղյակ էինք դեռ տարեսկզբին: Հենց դա էր պատճառը, որ ժամանակին դիմեցինք նախարարին, եւ նա 10-րդ դասարանցիների համար մեկ տարով կասեցրեց էքստեռն փոխադրումների կարգը: Այսինքն՝ 10-րդցիների համար էքստեռն փոխադրումներ չեն լինելու: Իրականում այդ խնդիրը գոյություն ունի, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարզպետարանները շատ դեպքերում թերանում են հաշվառելու դպրոցից դպրոց տեղափոխման շարժը, հաճախ դպրոց է ընդունվում աշակերտ՝ առանց հաշվառման: Դպրոցներին արդեն ուղարկվել են համապատասխան հանձնարարականներ, իսկ արդեն 2010-ի՝ մեր աշխատանքային ծրագրում դրված է այդ խնդիրը, այժմ էլ մշակվում են իրականացման մեխանիզմները»: Մեր մյուս հարցը վերաբերում էր ոչ պետական դպրոցների փակել-չփակելուն: «Առավոտը» ժամանակին անդրադարձել էր այդ խնդրին եւ ներկայացրել որոշ մասնավոր դպրոցներում տիրող անօրինականություններ: Դեռ մայիսին դրված էր այդ դպրոցների փակման հարցը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Խ. Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ինչո՞ւ է հարցը ձգձգվում: Նա պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով նրանց ժամանակին տրվել են կատարման պարտադիր հանձնարարականներ եւ որոշակի ժամկետում եթե այդ հանձնարարականները չկատարվեն, նոր կդրվի կրթական գործունեության կասեցման հարց»:

Իսկ «Առավոտի» այն դիտարկմանը, թե ուսումնասիրություններն ավարտվել են մայիսին, մի՞թե մինչեւ այժմ չի լրացել հանձնարարականների կատարման ժամկետը, պարոն Մուրադյանը պատասխանեց. «Օգոստոսից ուժի մեջ են մտել լիցենզավորման նոր կարգեր: Օրենքը տալիս է 6 ամիս ժամանակ ուսումնական հաստատություններին՝ իրենց կրթական գործունեությունը համապատասխան պահանջների համապատասխանեցնելու համար: Հունվար-փետրվարին լրանում է այդ ժամկետը, այնուհետեւ կրկին ուսումնասիրություններ կիրականացնենք, որպեսզի պարզենք՝ կատարվե՞լ են, արդյոք, հանձնարարականները, եւ դրանից հետո պարզ կդառնա՝ դնել դպրոցի փակման, գործունեության կասեցման, թե՞ այլ հարց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել