Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում ծառեր են արմատախիլ արել

Դեկտեմբեր 19,2009 00:00

\"\"Ծառահատման հիվանդագին սովորույթը հասավ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր: Քաղաքի ղեկավարության կացնի տակ են հայտնվել Արմավիրի թիվ 10 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի 40-50-ամյա ծառերը: Վերանորոգվող մանկապարտեզի բակը փողոցից բաժանող երեք հաստաբուն ծառերն արդեն արմատախիլ են եղել. Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանի ասելով՝ հետագայում այդ հատվածը սալարկելու եւ նոր տնկիներ դնելու նպատակով:

Փոխքաղաքապետն ասաց նաեւ, որ դրանք հատվել են մասնագետների համապատասխան եզրակացության հիման վրա, ըստ որի՝ «ծառերը չորացել էին, չորուկներն էլ խիստ վտանգ էին ներկայացնում»: Իսկ մասնագետները, պարզվում է՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինությունն է, որը շատ զարմանալի կլիներ, եթե դեմ գնար քաղաքապետի ցանկությանն ու չտար դրական եզրակացություն:

Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ մեզ ահազանգած արմավիրցիներից որեւէ մեկը համարձակություն չունեցավ տեսածի մասին բարձրաձայնել: Միայն ասում էին, որ տապալված ծառերն իրենց համաքաղաքացիները տանում էին՝ ով ինչքան ու ինչպես կարողանում էր: Գերասիմ ներկայացած մեկը նույնիսկ այնքան ջերմեռանդորեն էր պաշտպանում քաղաքի ղեկավարությանը, որ շուրջը հավաքվածները ոչ մի կերպ չէին կարողանում նրան համոզել, որ ծառերը քաղաքապետարանն է կտրել: «Չեմ հավատում, դա բացառված է, քաղաքապետարանը ծառ կտրող չի», պնդում էր նա: Իսկ երբ փոխանցեցինք փոխքաղաքապետի խոստովանությունը, որ, այո՝ ծառերն իրենք են կտրել, Գերասիմը դարձյալ անկոտրում մնաց, կատարվածի մեջ նա այլ մեղավոր էր տեսնում. «Մեղավորը կառավարությունն է, որ ժողովրդին թողել է անտեր-անտիրական: Թող իր ժողովրդին կարգին պահի, ժողովուրդն էլ ծառ չի կտրի: Բա որ ապրելու հնար չկա՝ ծառը չի՞ տանելու վառի. տանելու ա…»:

Արմավիր քաղաքը երբեւէ աչքի չի ընկել կանաչ տարածքների առատությամբ: «Առավոտի» տեղեկություններով՝ մանկապարտեզի տարածքը ծառերից «մաքրելը» ոչ այնքան նորոգվող նախակրթարանը տեսքի բերելու նպատակ է հետապնդում (փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանի ասելով՝ ծառերը հետագայում կխանգարեին նաեւ կառուցվող ցանկապատին), որքան կիսով չափ մանկապարտեզի տարածք մտած, նոր կառուցվող մի օբյեկտի շրջակայքը «կազմակերպելու»:

Արմավիրի գիշերօթիկ մանկապարտեզը առեւտրի եւ սպասարկման օբյեկտների «շրջափակման» մեջ է:

Հ. Գ. Այս տարվա հուլիսի 25-ին՝ «Եկեղեցի կամ այգի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Արմավիր քաղաքի ավագանու 2008 թվականի որոշումներից մեկով քաղաքի Աբովյան փողոցի երկու հեկտար այգուց 4900 քմ տարածք է հատկացվել Մայր աթոռին՝ եկեղեցի կառուցելու նպատակով, հատվելու են հարյուրավոր ծառեր: Թեեւ Արմավիրում ազատ տարածքներ շատ կան, սակայն Մայր աթոռը հենց այգու հաշվին է ուզում վանք կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել