Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային մուտքերը նվազել են

Դեկտեմբեր 19,2009 00:00

2009-ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, հանրապետության խոշոր հարկ վճարողների կողմից իրացումից հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալների ցուցանիշների առումով նկատվել է նվազման միտում: Պետեկամուտների կոմիտեի կողմից կատարված մոնիտորինգի համաձայն, մասնավորապես իրացումից հասույթի ցուցանիշը նվազել է 10,8 %-ով եւ կազմել 162,1 մլրդ դրամ: Միայն «Մաքուր երկաթի գործարան», «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական» ձեռնարկություն, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Երեւանի կոնյակի գործարան», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆլեշ», «Տոյոտա Երեւան» եւ «Մետէքսիմ» ընկերություններում իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ, նվազել է մոտ 8,5 մլրդ դրամով:

Ներմուծման ծավալները նվազել են 6,5%-ով՝ կազմելով 64,7 մլրդ դրամ: 5 կազմակերպությունների («Մանչո գրուպ», «Մանանա գրեյն», «Ղ-Տելեկոմ», «Արմենիա Տելեֆոն կոմպանի», «Տոյոտա Երեւան») կողմից 2009-ի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ներմուծման ծավալները պակասել են մոտ 8,7 մլրդ դրամով եւ կազմել մոտ 2 մլրդ դրամ: Համապատասխանաբար նույն պատկերն է նաեւ վճարված մաքսային վճարների ցուցանիշի առումով, որը 2009-ի հոկտեմբերին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է 2 մլրդ դրամով եւ կազմել մոտ 12,4 մլրդ դրամ:

Նույնը կարելի է արձանագրել նաեւ արտահանման ցուցանիշի դեպքում, որը նվազել է 9 %-ով եւ կազմել 19,3 մլրդ դրամ: Այսպես, 2009-ի հոկտեմբերին 5 խոշոր կազմակերպությունների՝ «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո գոլդ մայնինգ քամփնի», «Արարատցեմենտ» ընկերությունների արտահանման ծավալները նվազել են մոտ 4,4 մլրդ դրամով՝ կազմելով մոտ 5,8 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշին, ապա 2009-ի հոկտեմբերին խոշոր հարկատուների կողմից վճարվել է 16,1 մլրդ դրամ կամ պակաս նախորդ տարվա հոկտեմբերից՝ 1,5 մլրդ դրամով:

Հարկային մարմնի կողմից 2009թ. հոկտեմբերին կատարվել են 61 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ՝ 349,6 մլն դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել