Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգառեն հակառա՞կ մայթին

Դեկտեմբեր 19,2009 00:00

Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի տարածք՝ ոչ մի կանգառ չկա: Մամուլի շենքի, տպարանի, ոսկու գործարանի, «Ջերմուկ գրուպի», կրկեսի մոտ իջնել ցանկացողները ստիպված են ամեն անգամ խնդրել, աղաչել ու պաղատել վարորդներին, որ այդ հատվածներում անօրինական կանգառեն:

Հիմնականում երթուղայինները ստիպված կանգառում են Մամուլի շենքի դիմաց՝ բենզալցակայանի մոտ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, հակառակ դեպքում` ուղեւորները պետք է կիլոմետրերով քայլեն: Հաշվի առնելով, որ այս ձմռան ամիսներին այդ ամբողջ ճանապարհահատվածը սառցակալում է, իսկ շենքերի տանիքներից մետրերով սառցաբեկորներ են կախվում, այդ ճանապարհով քայլելը շատ վտանգավոր է: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս Արշակունյաց պողոտայի այդ հատվածում կանգառի հարցը չի լուծվում՝ Երեւանի քաղաքապետարանից պատասխանեցին, թե «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ «Այրարատ» կինոթատրոն ընկած տարածքում առկա են եւ գործում են հասարակական տրանսպորտի ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի կանգառներ. «Այդ կանգառները գործում են հետեւյալ վայրերում՝ Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ-Գրուպ» ՍՊԸ-ի մոտ եւ հակառակ մայթին, Գր. Լուսավորչի փողոցում՝ Պետկրկեսի մոտ եւ հակառակ մայթին, Ագաթանգեղոսի փողոցում՝ չհասած Խորենացու փողոց, փողոցի 2 կողմերում»:

Մինչդեռ նշենք, որ մատնանշված վայրերում իրականում ոչ մի կանգառ էլ գոյություն չունի: «Ջերմուկ-Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում մատնանշված կանգառը հենց նույն «Սուրմալու» առեւտրի կենտրոնի կանգառն է, իսկ դրանից հետո կանգառի նշան չկա, կա ընդամենը հետիոտնի անցում, եւ վարորդներն էլ այնտեղ չեն կանգնում: Պետկրկեսի մոտ՝ դեպի «Այրարատ» կ/թ երթեւեկող մեքենաների համար նույնպես կանգառ չկա, երթուղայինները չեն կարող հակառակ մայթ անցնել, կանգառել, նոր շարունակել իրենց ուղղությունը, ինչպես նշել են քաղաքապետարանից: Իսկ Խորենացու փողոցի կանգառը հենց նույն «Այրարատ» կ/թ-ի կանգառն է, որը բավականին հեռու է Մամուլի շենքից: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ «Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի լրամշակման աշխատանքներին զուգահեռ, ուսումնասիրվում են կանգառների կանոնակարգման խնդիրները, որի ընթացքում կքննարկվի նաեւ բարձրացված հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել