Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին աջակցել են

Դեկտեմբեր 19,2009 00:00

«Ծրագրի արդյունքը կլինի այն, որ անազատության մեջ գտնվողները տեղեկացված կլինեն օրենքներով եւ միջազգային ակտերով իրենց համար սահմանված իրավունքներին եւ պարտականություններին: Կկարողանան պայքարել իրենց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, կբարձրանա տվյալ խոցելի խմբի ներկայացուցիչների իրավագիտակցության մակարդակը: Ծրագրի արդյունքում կապահովվի դատապարտյալների եւ կալանավորված անձանց խնդիրների մասին համապատասխան վայրերում լսելիությունը, ինչպես նաեւ խախտված իրավունքների հետ կապված խնդիրների լուծումը»,- մեզ հետ զրույցում ասաց «Իրավունքների եւ շահերի պաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մելքոնյանը: Հ/կ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 18-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է «Իրավունքների եւ շահերի պաշտպանությունն առավել խոցելի խմբերում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում երեկ հ/կ-ն կոնֆերանս էր կազմակերպել, որտեղ Խաչատուր Մելքոնյանը ներկայացրել է ծրագրի արդյունքները: Ըստ պարոն Մելքոնյանի, ծրագիրը նպատակ է ունեցել աջակցել դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությանը, ստեղծել իրավունքները եւ պարտականություններն ամրագրող տեղեկատվական միջոցներ, ցուցաբերել իրավաբանական աջակցություն անազատության մեջ գտնվողներին, նպաստել նրանց իրավական գիտակցության զարգացմանը: Խ. Մելքոնյանի ներկայացմամբ, ծրագրի իրականացման ընթացքում հ/կ-ների անդամներն այցելել են 11 քրեակատարողական հիմնարկ, հանդիպումներ ունեցել դատապարտյալների եւ կալանավորված անձանց հետ, նրանց ցուցաբերվել է իրավաբանական աջակցություն, տրամադրվել է իրավունքներն ու պարտականություններն ամրագրող բրոշյուրներ: Կազմակերպությունում գործել է նաեւ «թեժ գիծ», որի միջոցով ապահովվել է կապն անազատության մեջ գտնվողների եւ կազմակերպության անդամների միջեւ:

«Այսուհետեւ հասարակության տվյալ խոցելի խումբը՝ դատապարտյալները եւ կալանավորված անձինք գտնվելու են մեր կազմակերպության ուշադրության ներքո, հետամուտ ենք լինելու հայտնաբերված խնդիրների լուծմանը»,- ասաց Խ. Մելքոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել