Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է արտագնա աշխատանք գտնելու հայաստանցիների հնարավորությունների վրա։ Այս մասին երեկ նշել է ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
«tert.am»-ի փոխանցմամբ, ճգնաժամը, Գ. Եգանյանի խոսքերով, մասնավորապես անդրադարձել է սեզոնային աշխատանքի միգրանտների վրա: Ընդհանրապես, ամեն տարի հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը կազմում էր մոտ 60-70 հազար: Սակայն, ճգնաժամի պատճառով, այդ ցուցանիշը կրկնակի նվազել է:
Խոսելով ընդհանուր միգրացիոն հոսքի մասին` գործակալության պետը նշել է, որ 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին երկիր մուտք է գործել 1 մլն 290 հազար 735 ներգաղթյալ, դուրս եկել՝ 1 մլն 329 հազար 402 մարդ: Հավելենք, որ ամբողջ տարվա ցուցանիշները միգրացիոն գործակալությունը կներկայացնի 2010թ. հունվարի վերջին: