Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 2009Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ 296 ԶՈՐԱԿՈՉԻԿ-ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Դեկտեմբեր 19,2009 00:00

\"\"

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

«Նովոստի-Արմենիա».- Ինչո՞վ է պայմանավորված զորակոչից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ներկայանալու դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու Ձեր ցուցումը եւ որքանո՞վ է փոխվել իրավիճակը:

Ա. Հովսեփյան.- Նպատակը շատ պարզ է՝ նպաստել մեր երեխաների վերադարձին հայրենիք: Շատերը կան, որ տարբեր պատճառներով նախկին տարիներին խուսափել են զինվորական ծառայությունից, դիմել փախուստի, հետագայում մտափոխվել, սակայն խուսափում են վերադառնալ՝ վախենալով կալանավորվելու հեռանկարից: Մեր խնդիրն է հնարավորություն տալ մեր քաղաքացիներին վերադառնալ եւ ծառայել՝ վստահ լինելով, որ կազատվեն քրեական պատասխանատվությունից: Զորակոչի ընթացքում կամավոր ներկայացած եւ ծառայելու ցանկություն հայտնած՝ հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների նկատմամբ անմիջապես փոխվում է խափանման միջոցը, դադարեցվում քրեական հետապնդումը: 2009թ. գարնանային զորակոչի ընթացքում բանակ է զորակոչվել նախկինում հետախուզման մեջ գտնվող 106 զորակոչիկ, իսկ 2008 թ. գարնանային զորակոչի ժամանակ՝ 80: Ակնհայտ է, որ ցուցումը տվել է իր դրական արդյունքը: Միաժամանակ քայլեր են ձեռնարկում նաեւ՝ քաղաքացիներին իրենց իրավունքներն իրազեկելու ուղղությամբ: Գիտեք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ՝ օրենքով նախատեսված վճարները մուծելուց հետո: Օրենքի չիմացության պայմաններում շատերը շարունակում են մնալ հետախուզման մեջ եւ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ մեր քաղաքացիներին մանրամասնում ենք նաեւ այս օրենքի կիրառման սկզբունքները: 2009թ. գարնանային զորակոչի ընթացքում նշված օրենքը կիրառվել է 296 անձի նկատմամբ, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հաշվին փոխանցվել է 313.283.000 ՀՀ դրամ, արդյունքում՝ 296 երիտասարդ վերադարձել է հայրենիք:

«Նովոստի-Արմենիա».- Զինվորական զորակոչի կազմակերպման գործընթացում ինչպե՞ս եք հետեւում տարբեր խախտումներով ուղեկցվող իրավիճակին:

Ա. Հովսեփյան.- Պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ընթացքը մշտապես գտնվում է դատախազության ուշադրության կենտրոնում: Տարին երկու անգամ դատախազության կոլեգիան քննարկում է զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում արձանագրված խախտումները, դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված դատախազական ներգործությունների արդյունքները՝ անդրադառնալով աշնանային եւ գարնանային զորակոչին: Պարբերաբար ուսումնասիրվում է նաեւ զինված ուժերում հանցավորության վիճակը, առանձին հանցատեսակների ծնող պատճառներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ակնհայտ է՝ որքան բանակում առողջ լինի բարոյահոգեբանական մթնոլորտը, պահպանվեն կանոնադրային հարաբերությունները, զորակոչի կազմակերպման ընթացքում պահպանվեն օրենքների պահանջները, պաշտպանված լինեն բոլորի իրավունքները՝ այնքան կնվազի պարտադիր զինվորական ծառայություններից խուսափողների թիվը: Այն պահից, երբ զորակոչիկն անցնում է զինվորական ծառայության՝ գտնվում է պետության հոգածության ներքո, եւ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ զինվորն ավելի նվիրվածությամբ կատարի իր պարտքը, իսկ նրա ծնողներն էլ վստահ լինեն, որ իրենց որդին գտնվում է ապահով ձեռքերում: 2008 թ. գարնանային եւ աշնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում դատախազության ուսումնասիրությունների արդյունքներով ի հայտ եկած բացթողումներն ու հիմնախնդիրները քննարկվել են նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ հիմք հանդիսանալով ոլորտը կարգավորող մի շարք ակտերի, այդ թվում ՀՀ օրենքներում՝ կառավարության որոշումների փոփոխություններ կատարելու համար: Քննարկման արդյունքներով ՀՀ նախագահի կողմից տրվել է համապատասխան կարգադրություն: Ձեռնարկված քայլերը տվել են իրենց դրական արդյունքը՝ էապես նվազել է զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում օրինախախտումների բնույթն ու տեսակը, թերեւս դրանով պայմանավորված՝ նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների թիվը: Ընդհանրապես, պետք է նշեմ, որ մեզանում զորակոչը կատարելու դժվարություն՝ որպես այդպիսին, չկա, պլանները շատ դեպքերում նաեւ գերակատարվում են, բայց մենք հետամուտ ենք լինելու հնարավորինս նվազագույնի հասցնելու խուսափումների թիվը, ինչի միակ ուղին, կրկնում եմ, զինված ուժերում համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումն ու կանոնադրային հարաբերությունների հաստատումն է, զորակոչի անցկացման ընթացքում օրինականության պահպանումը:

«Նովոստի-Արմենիա».- Այս տարի իրավախախտումների ոլորտում ինչպիսի՞ դինամիկա է նկատվում, եւ դրանցից որո՞վ է ավելի շատ քրեական գործ հարուցվում Հայաստանում:

Ա. Հովսեփյան.- 2009 թվականին նկատվում է գրանցված հանցագործությունների աճ, ինչը միաժամանակ եւ ողջունելի է, եւ մտահոգիչ՝ կապված հանցագործության տեսակից: Նախ՝ ամբողջովին հաշվառման դաշտ բերվեցին բոլոր տեսակի հանցագործությունները: Գիտեք, որ հանցագործությունների տեսակներ կան, որոնց դեպքում քրեական գործի հարուցման համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, պարտադիր է տուժողի բողոքը: Նախորդ տարիներին քիչ չէին դեպքերը, երբ տուժողները չէին բողոքում կամ հաշտվում էին մեղադրյալի հետ եւ հանցագործությունը չէր հաշվառվում: Սա իր մեջ երկու վտանգ էր պարունակում՝ նախ հանցագործությունների մի խումբ դուրս էր մնում հաշվառումից, երկրորդ՝ առկա էին կոռուպցիոն ռիսկեր. ասենք՝ խուլիգանությունը որակվում էր մարմնական վնասվածքի պատճառում եւ տուժողի դիմումի բացակայության կամ հաշտվելու պատճառաբանությամբ՝ մերժվում քրեական գործերի հարուցումը, ինչը նշանակում էր, որ չէինք կարող իրական պատկերացում կազմել հանցավորության իրական վիճակի վերաբերյալ: Բազմիցս այս հարցը քննարկվել է դատախազության կոլեգիայում, ոստիկանության ուշադրությունը հրավիրվել հանցագործությունների հաշվառման մեթոդոլոգիայի փոփոխության անհրաժեշտության վրա: Արդյունքում՝ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից արդեն հաշվառվում են նաեւ մասնավոր մեղադրանքին վերաբերող հանցագործությունները:

Երկրորդ՝ ընթացիկ տարում նկատվում է նաեւ լատենտային հանցագործությունների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն հանցագործությունների աճ, ինչը նույնպես ողջունելի է եւ վկայում է իրավապահ մարմինների առավել համագործակցված աշխատանքի, իրավապահների նկատմամբ բնակչության վստահության աճի մասին, փոխարենը մտահոգիչ է, օրինակ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների, բնակարանային գողությունների աճը:

«Նովոստի-Արմենիա».- Վերջին շրջանում դատախազության քաղաքականությունն ուղղված է մանր կաշառակերության դեմ պայքարին հասարակության ուշադրությունը հրավիրելուն՝ հաշվի առնելով դրա լայն արձագանքը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ ակտիվացնել խոշոր կաշառակերության դեմ պայքարը:

Ա. Հովսեփյան.- Ես էական տարբերություն չեմ դնում մանր կամ խոշոր կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի երկուսն էլ մեծ վտանգ են ներկայացնում, մանրը իր տարածվածությամբ, խոշորը՝ չափերով։ Խոսքը կարող է գնալ միայն դրանց բացահայտման դժվարությունների մասին։ Գաղտնիք չէ, որ երկրորդի պարագայում ճնշումներն ու ազդեցության միջոցներն ավելի շատ են հայտարարության հեղինակների, վկաների, ինչպես նաեւ հենց իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը պետք է կարողանանք հաղթահարել յուրաքանչյուր գործով։ Մանր կաշառակերության դեմ պայքարում ձեռնարկված քայլերի շնորհիվ վերջին մեկ տարում կարողացել ենք որոշակի արդյունքներ ձեռք բերել, բացահայտել կոռուպցիոն երեւույթներ թերեւս բոլոր ոլորտներում՝ թե սոցիալական ապահովության ու առողջապահության, թե կրթական եւ, որ ամենակարեւորն է՝ իրավապահ մարմիններում, ինչը թույլ է տալիս կուտակել վստահության որոշակի պաշար։ Իրականացված քայլերը տեսանելի են նաեւ հասարակության լայն շերտերին, ինչի վկայությունը հասարակության ակտիվությունն է, ստացվող դիմումների քանակը։ Հեռու եմ այն մտքից, որ այսօր կաշառակերությունն ավելի շատ է, քան մեկ տարի առաջ, ուղղակի այսօր հասարակությունն ավելի շատ է ահազանգում այդօրինակ երեւույթների մասին, ինչը համարում եմ իրավապահ մարմինների, դատախազության ձեռքբերումը։ Հիմա մեզ անհրաժեշտ է կուտակել եւ կրկնապատկել վստահության պաշարը, ինչի դեպքում, համոզված եմ, ավելի հեշտ կլինի պայքարել նաեւ ազդեցության տարբեր դրսեւորումների դեմ, այդ թվում վկաների եւ տուժողների նկատմամբ եւ հասարակության աջակցությամբ արդյունքներ գրանցել նաեւ խոշոր կաշառակերության դեմ պայքարում։ Փոքր, բայց վստահ քայլերով առաջ ենք գնում այս երեւույթի դեմ պայքարում եւ համոզված եմ, որ առաջիկայում կկարողանանք արդեն խոսել իրական արդյունքների մասին՝ գրեթե բոլոր ոլորտներում։

«Նովոստի-Արմենիա».- Ձեր կարծիքով, ի՞նչ գործոններ են նպաստում կոռուպցիայի աճին Հայաստանում, եւ ո՞ր ոլորտներն են առավել կոռումպացված:

Ա. Հովսեփյան.- Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում կոռուպցիան աճում է կամ թափ է ստանում։ Ճիշտ հակառակը՝ վստահ եմ, որ Հայաստանում առավել մեծ թափ է ստանում եւ ավելի արդյունավետ է դառնում կոռուպցիայի դեմ պայքարը։ Ոչ միայն իշխանական օղակների կողմից, այլ նաեւ հենց հասարակության, ինչի վկայությունն է նաեւ այն, որ վերջին տարիներին կոռուպցիոն երեւույթների կանխարգելման խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ են ձեւավորվել եւ ակտիվորեն գործում։ Այս պրոցեսը նպաստում է նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորմանը, որոնք նաեւ հասարակական արդյունավետ հսկողություն են իրականացնում իրավապահ մարմինների նկատմամբ։ Քաղաքացիական հասարակության առաջ բոլորս, կամա, թե ակամա, հաշվետու ենք։ Ինքներս խրախուսում ենք հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը՝ հրավիրելով հրապարակային մեր բոլոր միջոցառումներին եւ հնարավորություն տալով հենց դրանց ժամանակ բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք նրանց մտահոգում են եւ որոնք նրանք տեսնում են մեր աշխատանքներում։ Ձեւավորված փորձն արդեն անդառնալի է եւ հետ քայլ անելու իրավունք չունենք։ Ուրախ եմ, որ շատ կազմակերպություններ՝ թե հայաստանյան ոչ կառավարական եւ թե միջազգային կազմակերպություններն ընդունել են մեր մեկնած ձեռքը, եւ համատեղ փորձում ենք լուծել նաեւ մեր համակարգի ներսում խնդիրները։ Դատախազությունն իրեն հաշվետու է սկզբում հասարակության առաջ, հասարակական պահանջի առաջ եւ ոչ երբեք առանձին խմբերի, դատախազությունն իրեն հաշվետու է զգում քաղաքացիական հասարակության բաղադրիչ համարվող հասարակական կազմակերպությունների առաջ, բայց ոչ երբեք խմբակային շահեր հետապնդող կառույցների։ Պատրաստ ենք լսել առարկայական քննադատություն եւ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, բայց ոչ երբեք շարժվել խմբակային շահերին հաճոյանալու մտայնությամբ։ Յուրաքանչյուր անձ, կառույց պետք է այնքան ներուժ ու կամք ունենա, որ կարողանա կոնկրետ քայլերով կայանալ, ձեռք բերել դրական վարկանիշ եւ ոչ երբեք ուրիշին պախարակելու ճանապարհով։ Երկրորդ ուղին կարող է արդյունքներ գրանցել միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու պարագայում եւ կունենա շատ կարճ կյանք։ Իրավապահ մարմինները գիտակցում են այսօրվա հրամայականների լրջությունը եւ հաստատուն քայլերով փորձելու են դրական տեղաշարժեր մտցնելու արատավոր երեւույթների դեմ պայքարում։ Այսօր, առավել քան երբեք, Հայաստանի իրավական համակարգը՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, աշխատում են համագործակցված՝ ակնհայտորեն մի կողմ դնելով նեղ գերատեսչական շահերը՝ հանցավորության եւ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել