Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի փոխկապակցվածության մասին ասում է Սուրեն Սուրենյանցը:
«Ընդդիմության աշխատանքը կգնահատեի հինգ, եթե երկրում վերականգնված լինեին ժողովրդավարական իրավունքները, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բայց քանի որ նման վիճակ չկա, ոչ էլ մեզ է հաջողվել լիարժեքորեն փոխել երկրում իրավիճակը, ընդդիմության աշխատանքը կգնահատեի բավարար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով տարին, ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Ըստ լրատվական կայքերի՝ «Ընդդիմությունը կարողացել է անել այն, ինչ կարողացել է, բայց ազնիվ են եղել իրենց մղումներում»,- ասել է բանախոսը։
Տարվա գլխավոր եւ դրական իրադարձություն Սուրենյանցը համարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները. «Անկախ հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ հնչած քննադատություններից՝ ես դրական եմ համարում հայ-թուրքական գործընթացի ընթացքը, արձանագրությունների ստորագրումը։ Ես կարծում եմ, որ անկախ որոշակի պրոբլեմներից եւ թերություններից՝ հայ-թուրքական հարաբերությունները նպաստելու են տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության միասնական համակարգի կայացմանը»։ Նրա կարծիքով, 2010-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում էլ, Թուրքիայում էլ արձանագրությունները վավերացվելու են։ Նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը փոխկապակցված են, որովհետեւ երկուսն էլ վերաբերում են ռեգիոնալ համագործակցության եւ անվտանգության խնդիրներին։ «Դրանից վախենալ բացարձակապես պետք չէ»,- կարծում է Սուրենյանցը՝ փաստելով, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն նպաստելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունեցող Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դիրքորոշում կունենա Ղարաբաղի կարգավորման գործընթացում»: