ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, որ «Մարտի 1»-ի գործով ներկայացնելով տուժողների իրավահաջորդների շահերը, մտադիր է դատական կարգով վիճարկել դատախազության անգործությունը, պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ. «Ա. Զեյնալյանը դատավարչության մասնակից չէ, եւ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները բողոքարկելու վերաբերյալ Ա. Զեյնալյանի դիմումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկման առարկա դառնալ չեն կարող, դատախազությունում մուտքագրված բոլոր դիմում-բողոքները քննարկվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Այս առումով բացառություն չեն նաեւ քաղաքացի Արտակ Զեյնալյանից ստացված դիմումները: Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, տեղեկացնում ենք, որ Ա. Զեյնալյանից դեկտեմբերի 10-ին ստացվել են դիմումներ՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, գրանցված 10 մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնի գործողությունների մասին: 16.12.09թ. Ա. Զեյնալյանին գրավոր պարզաբանվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները կարող են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ քրեական դատավարության մասնակիցներ են հանդիսանում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը:
Նկատի ունենալով, որ տուժողների իրավահաջորդներ Վարդուհի Բաղդասարյանը, Լիլյա Մինասյանը, Էդիկ Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Վաչագան Ֆարմանյանը, Սարգիս Քլոյանը, Ջեմմա Վարդումյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Ռուզաննա Հարությունյանը կամ Ա. Զեյնալյանը ներկայացուցիչ ճանաչելու մասին պահանջով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթն իրականացնող մարմնին չեն դիմել, քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում չի կայացրել Ա. Զեյնալյանին ներկայացուցիչ ճանաչելու մասին, ուստի Ա. Զեյնալյանը դատավարության մասնակից չի հանդիսանում, հետեւապես քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները չեն կարող բողոքարկել»: