Եվրախորհրդարանը քննարկել է խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում: Ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորել են Ադրբեջանի իշխանություններին վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, հայտարարելով, որ այն իրականում մտրակ է դառնում՝ անկախ ու ընդդիմադիր լրագրողներին պատժելու համար։ Պատգամավորները նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջերս ընդունված մի որոշման՝ մի շարք միջազգային ռադիոընկերությունների՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ինչը զրկում է այս երկրի ունկնդիրներին տեղեկատվության արժեքավոր եւ անկախ աղբյուրներից: Այս կապակցությամբ ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին հորդորում է վերականգնել օտարերկրյա հեռարձակողների արտոնագրերը, ընդգծելով, որ պաշտոնական Բրյուսելն ու Բաքուն չեն կարող սերտ համագործակցություն զարգացնել առանց խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության։
Էստոնացի պատգամավոր Յունն Քելամը հայտարարել է, որ առաջին անգամ չէ, որ հանձնաժողովն անդրադառնում է այս խնդիրներին. «Մենք առաջին անգամ չենք անդրադառնում այս խնդրին, այդուամենայնիվ, չնայած մեր զեկույցներին ու բազմաթիվ հորդորներին՝ խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում բարելավվելու փոխարեն՝ վատանում է: Ասվածի ապացույցները բազմաթիվ են: Ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառվող զանգվածային սպառնալիքները, հետապնդումները եւ ազատազրկման դեպքերը խիստ մտահոգիչ են։ Մենք հերթական անգամ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ առանց հապաղելու ազատ արձակել կալանավորված լրագրողներին ու բլոգերներին»։
Իսկ լիտվացի պատգամավոր Լայնա Անդրիկիենեն ասել է. «Ադրբեջանը Եվրամիության կարեւոր գործընկերներից մեկն է, սակայն խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը պետք է վեր դասվեն ամեն ինչից: Անշուշտ, Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրամիության էներգետիկ անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, այդուամենայնիվ, որքան էլ կարեւոր լինեն գազն ու նավթը, դրանք ամեն ինչ չեն, եւ մենք չպետք է խուսափենք հիշեցնել Ադրբեջանին, որ ժողովուրդը ազատ խոսքի իրավունք ունի, անգամ եթե այդ խոսքը քննադատում է կառավարությանն ու իշխանություններին»: